Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա. ԱՄՆ պետդեպ

Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա. ԱՄՆ պետդեպ

By Հոկտեմբերի 04, 2020 267

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ է տվել, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ:

«Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։

Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:
 
Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

Rate this item
(0 votes)