Ղազախստանի բողոքի ակցիաների ավիացիոն հետևանքները. Թռիչքների չեղարկում, տոմսերի վաճառքի դադարեցում

Ղազախստանի բողոքի ակցիաների ավիացիոն հետևանքները. Թռիչքների չեղարկում, տոմսերի վաճառքի դադարեցում

Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «S7 Airlines»-ը տեղեկացրել է Ղազախստանում ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 23-ը դադարեցնելու մասին։

«Երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ «S7 Airlines»-ը, դեպի Ղազախստան և Ղազախստանից դուրս սեփական թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցրել է մինչև հունվարի 23-ը։ Դրանից բացի, ժամանակավորապես դադարեցվել է «S7 Airlines»-ի և «Air Astana»-ի համատեղ թռիչքների տոմսերի վաճառքը՝ կրկին նախնական ժամկետ սահմանելով հունվարի 23-ը»,-ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Aeroflot» ավիաընկերությունը հայտնել է, որ հունվարի 6-ի և 7-ի համար նախատեսված Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտաու թռիչքները չեղարկվում են։  «Air Astana» ավիաընկերության բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև հունվարի 7-ը։

«Belavia» ավիաընկերությունը չեղարկել է երեկոյան թռիչքները Մինսկից դեպի Ալամթի և հակառակ ուղղությամբ։ «Կանոնավոր չվերթներ Ղազախստանի ուղղություններով կիրականացվեն միայն Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ավիացիոն վարչության հետ համաձայնությամբ և միայն թռիչքների անվտանգության անվերապահ ապահովման պարագայում»,-ասված է հաղորդագրությունում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved