Թրամփը հիացած է Պուտինով

Թրամփը հիացած է Պուտինով

ԱՄՆ նախագահի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը գիրք է հրատարակել, որտեղ պնդում է, թե Դոնալդ Թրամփը հիացած է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինով, որովհետև նա ընդունակ է վերահսկելու ամեն ինչ՝ մամուլից մինչև ֆինանսական ինստիտուտներ։

 

Մայքլ Քոհենը գրել է, որ Թրամփը հիացած է Պուտինով, քանի որ Ռուսաստանի ղեկավարը կարող է ամբողջ երկիրը իր վերահսկողության տակ վերցնել ու կառավարել ինչպես սեփական ընկերություն, այնպես, ինչպես ասենք «Թրամփ կազմակերպությունը»։
Թրամփի նախկին հավատարիմ օգնականը 3 տարվա ազատազրկման պատիժ է կրում դաշնային բանտում Կոնգրեսին ստելու համար։

Նրա «Disloyal: A Memoir» գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերի 8-ին, բայց ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ նախապես ստացել են նրա գիրքը ու սեպտեմբերի 5-ին հրապարակել են որոշ հատվածներ։

Քոհենը գրքում կրկնել է Թրամփի հասցեին իր խիստ բացասական որակումները` նրան համարելով «խաբեբա, ստախոս, ռասիստ», ում ինքը կուրորեն հավատարիմ էր, բայց հիմա ցանկանում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններով նա հեռանա պաշտոնից։

Նկատենք, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Քոհենի պնդումները` ասելով, թե բազմաթիվ հետաքննությունները չեն հայտնաբերել որևէ դավադրություն Թրամփի նախընտրական թիմի և Մոսկվայի միջև։

Ի դեպ, 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով, 2018-ի աշնանը Մայքլ Քոհենը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, որ ստել է Կոնգրեսին։ Այն ժամանակ Թրամփն ասել էր, թե Քոհենը ամեն ինչ անում է մեղմ պատիժ ստանալու համար։ «Նա պարզապես ամեն ինչի մասին ստում է»,- ասել էր Թրամփը։

Եթե այս գրքում տեղ գտած կարծիքները Սպիտակ տունը հերքեց, ապա կա մեկ այլ խոստովանություն, որն ապացուցում է, որ Թրամփն առնվազն հարգում է Պուտինին, հաշվի է նստում նրա՝ հզոր ղեկավար լինելու փաստի հետ:

Անցյալ ամիս Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփը ուշագրավ միտք արտահայտեց, որը բնորոշում է Պուտինի հանդեպ նրա մոտ գոյություն ունեցող դրական վերաբերմունքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համաշխարհային դասի» շախմատիստներ են, և որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն ընտրվելու դեպքում նրանց հետ հավասարը հավասարի պես աշխատել չի կարողանա: Նա ասել է. «Լսեք, ես մի բան եմ հասկացել: Պուտինը, Սի Ծինփինը և Էրդողանը համաշխարհային դասի շախմատիստներ են: Բայդենը նրանց հետ աշխատել չի կարողանա, որովհետև քաղաքականության ասպարեզում նրա լավագույն տարիներն այդքան էլ հրաշալի չեն եղել»:

Ինչևէ, անցյալ ամիս NBC-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին հաղորդեց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր օգնականներին, որ կցանկանար անցկացնել անձնական հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու տարբեր վայրեր և ամսաթվեր՝ ներառյալ Նյու Յորքում սեպտեմբերին հնարավոր հանդիպումը։ Երկու պետությունների առաջնորդների նպատակը կլինի հայտարարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի մասին նոր համաձայնագրի մասին։

Դիտարկվող տարբերակներից մեկը կայանում է նրանում, որ երկու երկրների ղեկավարները ստորագրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքը վերահսկելու մասին պայմանագրի երկարացման շուրջ բանակցություններում գործողությունների ծրագիրը։ Նրանք նաև հայտարարել են, որ Թրամփը ցանկանում է ցուցադրել գագաթնաժողովի ժամանակ համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու ունակությունը։

Սակայն մեկ օր անց ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հանդիպում չի ծրագրում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև. «Մենք ուրախ կլինեինք, որ օրերից մի օր Պուտինը գա այստեղ՝ ստորագրելու սպառազինման վերահսկման մասին պայմանագիրը»:

Այսպես, նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահի ընտրություններում Պուտինի շուրջ ամերիկյան կրքերն, ինչպես երևում է, չեն դադարելու...

Մետաքսյա Շալունց

Հայելի․am

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020 01:41

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter