Ագրարային համալսարանն ընդունվել է 38 հոգի, իսկ Մանկավարժականում դիմորդների թիվը գնալով նվազում է․ Կարո Նասիբյան

Ագրարային համալսարանն ընդունվել է 38 հոգի, իսկ Մանկավարժականում դիմորդների թիվը գնալով նվազում է․ Կարո Նասիբյան

Այս տարի միասնական քննություններով առաջին փուլում ընդունվել է 7246 դիմորդ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով 2022/23 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները։

«2022 թվականին դիմորդների թիվը կազմել է 13 887։ Այստեղ ընդգրկված են եւ միասնական քննություններ, եւ ներբուհական քննություններ հանձնողները։ 2021 թվականին դիմորդների թիվը 13 128 էր։  Ըստ էության՝ այս տարի դիմորդների թիվն ավելացել է։ Միասնական քննություններ հանձնողների թիվը 11 587 է։ Միասնական քննություններով ընդունվածների թիվն առաջին փուլում կազմել է 7246։ Միասնական քննություններից կտրվել է 3076 հոգի։ Թափուր է մնացել 15 հազարից ավելի տեղ։ Հիմնականում թափուր տեղերը մնացել են ոչ պետական բուհերում։ Բուհեր կան, որոնք դիմորդներ չունեն»,- նշեց Նասիբյանը։

Կարո Նասիբյանի խոսքով՝ պետական բուհերի շարքում էլ կան այդպիսիք, որտեղ ընդունելության ցուցանիշները հիմնական փուլի արդյունքներով բարվոք չեն։

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 38 հոգի։ Նույնը կարելի է ասել նաեւ մարզերի բուհերի մասին։ Շատ քիչ դիմորդներ ունի նաեւ Մանկավարժական համալսարանը։ Տարեցտարի ընդունվողների թիվն այս համալսարանում պակասում է։ Այս տարի օրինակ՝ ֆիզիկայի բաժին է ընդունվել մեկ հոգի։ Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` մտածել Ագրարային եւ Մանկավարժական համալսարանների ընդունելության մասին»,- նկատեց ԳԹԿ փոխտնօրենը։

Նասիբյանի դիտարկմամբ՝ եթե նախկինում ամենից շատ ընդունվում էին իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ արեւալագիտության ֆակուլտետներ, ապա այս տարի անփոփոխ է մնացել միայն իրավագիտության ֆակուլտետը։ Դրան հաջորդել է ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

«Իրավագիտություն բաժնին դիմել է 286 հոգի, ընդունվել՝ 147-ը, չէի ասի, որ բարձր մրցակցություն էր համեմատած նախորդ տարիների հետ։ Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա բաժնին դիմել է 306 դիմորդ, ընդունվել՝ 228-ը։ Միջազգային հարաբերություններում այս տարի ունենք երկու թափուր տեղ։ 124 տեղի համար դիմել է 139 հոգի, բնականաբար, կտրվողներ են եղել, երկու տեղ էլ թափուր է մնացել։ «Մեկ բուհ-մեկ մասնագիտություն» սկզբունքի դեպքում առաջինն ընդունվում են տվյալ բաժնի դիմորդները։ Եթե նախկինում, երբ դուրս էին մնում իրավագիտությունից,  դուրս էին մղում միջազգային հարաբերությունների համար դիմածին եւ այդպես շարունակ, ապա հիմա այդպես չէ»,- ասաց Նասիբյանը։

Տնտեսագիտությանը վերաբերող մասնագիտություններից առաջատար է կառավարումը։

«ՀՊՏՀ-ում կառավարում մասնագիտության համար դիմել է 297 հոգի, ընդունել՝ 187 հոգի։ Բայց տնտեսագիտական համալսարանում եւս կան թափուր տեղեր։ Նույն բուհի ֆինանսներ բաժնում 279 դիմածներից ընդունվել է 204-ը։ Այս դեպքում կարող ենք ասել, որ տնտեսագիտական մասնագիտություններ ունեն շատ բուհեր, եւ դիմորդը հնարավորություն է ունեցել դիմել այլ համալսարաններ։ Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական գործի համար դիմել է 696 դիմորդ, ընդունվել՝ 484 դիմորդ։ Ֆարմացիայի բաժնում ունենք թափուր տեղեր»,- նշեց Կարո Նասիբյանը։

Այս տարի դիմորդներն ամենից շատ քննություններ հանձնել են անգլերենից։ Հայտագրվել էր 5641 հոգի։

«Երկրորդ տեղում մաթեմատիկան է, որից քննություն է հանձնել 5542 դիմորդ։ Երրորդ տեղում հայոց լեզու եւ գրականությունն է՝ 5142 դիմորդ։ Այս երեք առարկաններից բացի մնացածները ունեն կեսից պակաս դիմորդներ։ Ամենից շատը կտրվել են մաթեմատիկայից՝ 1126։ Իսպաներենի համար դիմել է երկու հոգի, կտրվել՝ մեկը։ Իտալերենի համար դիմել է երկու հոգի, երկուսն էլ կտրվել են։ Վատ թիվ չենք ստացել առաջին փուլի մրցույթների արդյունքներից։ 7246 հոգին ընդունվել են այնտեղ, որտեղ ցանկացել են ընդունվել»,- ընդգծեց Կարո Նասիբյանը։

Երկրորդ փուլին կարող է մասնակցել 791 դիմորդ, եթե երկու առարկաներից էլ ունեն դրական գնահատականներ։ Նախորդ տարի երկրորդ փուլին կարող էր մասնակցել 1461 դիմորդ։

«Եթե դիմորդը նախորդ տարիներին հնարավորություն էր ունենում մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին, ապա այս տարվանից այդ իրավունքը չունի, որովհետեւ պետք է նորից երկու քննություններից ունենա դրական գնահատականներին, որպեսզի կարողանա թափուր տեղի համար մասնակցել։ Այս է պատճառը, որ այս փուլում մենք համեմատաբար սպասում ենք քիչ դիմորդների»,- ասաց Կարո Նասիբյանը։

Կարո Նասիբյանի խոսքով՝ այս պահին, երբ դեռ ընթանում է լրացուցիչ փուլը, վաղ է խոսելն այն մասին, թե որ ֆակուլտետներն առհասարակ դիմորդներ չեն ունեցել։

«Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ կինոգետների համար դիմողներ չեն եղել։ Ամեն դեպքում գուցե դուրս մնացածները կարողանան ընդունվել։ Ոլորտի պատասխանատուները շատ լուրջ պետք է արձագանքեն այս խնդրին, որովհետեւ մենք չենք կարող չունենալ գյուղատնտես, անասնաբույժ։ Նույնը կարելի է ասել դպրոցների դեպքում։ Նույնիսկ կան դեպքեր, երբ մանկավարժական համալսարանն ավարտածները պրակտիկայից հետո հրաժարվում են դպրոցում աշխատել։ Սա լրջագույն խնդիր է։ Շիրակի եւ Լոռու մարզերում մաթեմատիկայի մասնագիտությամբ դիմորդ չի եղել։ Այսինքն՝ չորս տարուց այդ համալսարանը մաթեմատիկա բաժնից շրջանավարտ չի ունենալու»,- ամփոփեց Կարո Նասիբյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 26 Հուլիսի 2022 00:55

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved