Ռեկորդային գնից հետո կարտոֆիլն էժանանում է, բայց մասնագետների գնահատմամբ՝ նախորդ տարվա գնին չի հասնի

Ռեկորդային գնից հետո կարտոֆիլն էժանանում է, բայց մասնագետների գնահատմամբ՝ նախորդ տարվա գնին չի հասնի

Մալաթիայի շուկայում անցած տարվա կարտոֆիլ այլևս չկա, նորի գինն էլ օրըստօրե նվազում է: Խանութում գուցե դեռ բարձր գինը պահպանվել է՝ ասում են գյուղացիները, սակայն իրենց մոտ արդեն գնի նվազումը նկատելի է: Կարտոֆիլի նոր հասունացման շրջանում վաճառել են 500 դրամով, խանութներում գինը բարձրացել էր մինչև 700-800 դրամի: Բարձր գինը պայմանավորված էր դիզվառելիքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների ու տնկանյութի թանկացմամբ՝ ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Թեպետ պետությունը 50 տոկոսով սուբսիդավորում է պարարտանյութի գինը, այդուհանդերձ, միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված՝ այն ձեռք է բերվում նախորդ տարիներից ավելի թանկ:

Հրաչյա Բերբերյան (Ագրարագյուղացիական միավորման նախագահ) - Էսօր գյուղացին համարյա թե 2.5 անգամ ավելի շատ վճարում ա դիզվառելիքի համար, մոտ 2.5 անգամ՝ պարարտանյութի համար: Տեսեք՝ մի հեկտար վարը, եթե մենք անում էինք 20-25 հազարով, էսօր 35-40 հազար ա, էլ չեմ ասում՝ բերքահավաքի գներն են թանկացել, գյուղացին 5 հազարով համաձայն չի բերք հավաքելու, արդեն 7-8 հազար ա պահանջում:

Բերբերյանը կանխատեսում է՝ կարտոֆիլի գինը կհասնի 300 դրամի: Անցած տարի երկրից արտահանվել է ավելի քան 49 հազար տոննա կարտոֆիլ: Արտահանումը բերեց նրան, որ կարտոֆիլ աճեցնողներն այս տարի վարուցանքը սեփական փողով են անում:

Հրաչյա Բերբերյան - Էն ֆերմերները, որոնք կարողացան արտահանել, էս տարի նրանք բանկային վարկ չէին ուզում, իրենց աշխատած գումարը դրեցին բիզնեսի մեջ: Մեր հաշվարկներով՝ կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 500 հեկտարով էս տարի ավելացել ա:

Կարտոֆիլի թանկության պատճառներից է անբարենպաստ եղանակը: Ըստ մասնագետների՝ 2021-ի համեմատ 2022-ի ցուրտ մայիսը բացասաբար է ազդել բույսերի վեգետացիայի վրա, ինչպես գյուղացիներն են ասում՝ տարին մոտ 15 օրով հետ է:

Վարսիկ Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ) - Ավելի ուշ են սկսվել կարտոֆիլի հասունացումը և բերքահավաքը, որը հանգեցրել է նրան որ այս տարվա հունիսի գները համապատասխանում են 2021 թվականի մայիսի գներին:

Եթե տարին հետ չլիներ, նոր կարտոֆիլը շուկա կմտներ մայիսին, սակայն այդ ժամանակ հասունացավ ջերմոցի կարտոֆիլը, որի 1 կիլոգրամը վաճառվում էր 2000 դրամով: Հիմա արդեն շուկայում 1 կգ լավ որակի կարտոֆիլի առավելագույն գինը 350 դրամ է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved