Պուտինի պատճառով կինը տնից վռնդել է 8 տարվա ամուսնուն

Պուտինի պատճառով կինը տնից վռնդել է 8 տարվա ամուսնուն

Ղազախստանում կինն ամուսնուն դուրս է հանել բնակարանից և պատրաստվում է բաժանվել տղամարդուց, որի հետ ամուսնացած է արդեն 8 տարի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ փետրվարի վերջից ամուսինն ակտիվ տարվել է քաղաքականությամբ և մոռացել իր ընտանիքի մասին, գրում է caravan.kz-ը:

«Ալեքսեյը միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, նա համացանցում կարդում էր պետությունների պատմության մասին հոդվածներ, հիանում  որոշ պատմական դեմքերով: Իսկ վերջին երկու տարիներին նրա կուռքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ամուսինս մեջբերումներ է անում նրանից, երեք անգամ վերադիտում Պուտինի ասուլիսները, ինչպես նաև փորձում էր ինձ ու մորս քարոզել, որ տեղափոխվենք Ռուսաստան։ Ինչո՞ւ, զարմանում եմ, երբ մենք նորմալ ապրում ենք Ղազախստանում։ Ամեն ինչ կա՝ աշխատանք, բնակարան, մեքենա, քոթեջ, դուստրը մեծանում է», - պատմել է կինը՝ Վիկտորիան:

Կնոջ խոսքով՝ այն պահից, երբ ՌԴ-ն Ուկրաինայում սկսել է հատուկ ռազմական գործողություն,  ամուսինը «խորասուզվել է լուրերի մեջ»։

«Նա մոռացել է աշխատանքի մասին... ամբողջ օրը հեռուստաալիքներ է նայում, զոմբիի պես սնվում է, օղի խմում հեռուստացույցի առջև, բղավում մեր վեց տարեկան երեխայի վրա, երբ նա անցնում է և խանգարում հեռուստացույց նայելուն: Փորձեցի խոսել ամուսնուս հետ, ասել, որ պատերազմն այնտեղ է, և չպետք է խանգարի ընտանեկան կյանքին։ Իսկ նա բղավում է. «Լռի՛ր, կին, արցունքներով Վովային չես օգնի»: Ես բարկացա, տնից վռնդեցի ու ասացի, որ այդ դեպքում թող Պուտինը նրան կերակրի, հագցնի ու խնամի։ Իսկ իմ ընտանիքն ունի իր քաղաքականությունը՝ բոլորը պետք է հոգ տանեն միմյանց մասին», - պատմել է կինը:

Վիկտորիայի ամուսինը, նրա խոսքով, համաձայն է ամուսնալուծությանը, և հենց այն գրանցվի, կմեկնի Ռուսաստան։

«Այստեղ միայն տարօրինակ կլինի, եթե ես դատարանին ասեմ ամուսնալուծության պատճառները: Ստացվում է, որ այդ մարդը Պուտինի պատճառով կորցնում է իր ընտանի՞քը»,- հառաչել է կինը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved