Բաքվի նպատակը հստակ է՝ Արցախ առանց հայերի․ Բայց ելք կա, լուծում կա

Բաքվի նպատակը հստակ է՝ Արցախ առանց հայերի․ Բայց ելք կա, լուծում կա

ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հրապարակվեցին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած, այսպես կոչված, վեց առաջարկները:

Ցավոք, ավելի հստակ դարձավ, որ հայկական կողմն ունակ չէ գիտակցել իրական մարտահրավերները, ունակ չէ հասկանալ Բաքվի կողմից տարվող հայատյաց քաղաքականությունն ու ունակ չէ ձևակերպել մեր շահը բանակցային սեղանի շուրջ, հայկական կողմը ինքնակամ հրաժարվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ ամրագրված սկզբունքից, ընդ որում՝ դա ամրագրվել է ԵԱՀԿ ՄԽ–ի կողմից՝ տասնամյակներ տևած բանակցային գործընթացի արդյունքում, այսինքն՝ դա միջազգայինորեն ամրագրված դրույթ է, որի հիման վրա միայն կարելի է գտնել լուծում հակամարտության համար: Այս դրույթը փոխարինվել է լղոզված հետևյալ ձևակերպմամբ՝ «հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը»։

Սա շատ խնդրահարույց է, ավելին՝ սա դառնալու է գործիք Ադրբեջանի ձեռքում, որպեսզի հետագայում թոզ փչի միջազգային հանրության աչքերին, թե ապահովելու է մեր հայրենակիցների իրավունքներն Արցախում: Դա անհնար է, քանի որ Բաքվի նպատակը հստակ է՝ Արցախ առանց հայերի:

«Նշաձողի իջեցմամբ» միայն ավելի հանդուգն եք դարձնելու Բաքվին և նորանոր խնդիրներ ստեղծելու մեր պետության ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգության համար: Ցավոք, չկա հայկական շահի ներկայացվածություն բանակցային սեղանի շուրջ, կա ադրբեջանական շահ, միջազգային հանրության հետաքրքրություններ, և թե ինչպես են պաշտոնատար անձինք մեզ համոզում, որ ելք չկա, պետք է հարմարվել:

Իրականում որքան էլ իրավիճակը բարդ է, բայց ելք կա, լուծում կա, պարզապես իշխանություններն ունակ չեն դրանք գտնել, դրա համար էլ շարունակում են իրենց իսկ նախկին հայտարարություններից և ծրագրերից հետքայլ անելու վտանգավոր քաղաքականությունը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved