Մարդուն փողով մոտիվացնելն այլևս շատ դժվար է. ԱՄՆ-ում նոր համաճարակ է ի հայտ եկել. Արթուր Դանիելյան

Մարդուն փողով մոտիվացնելն այլևս շատ դժվար է. ԱՄՆ-ում նոր համաճարակ է ի հայտ եկել. Արթուր Դանիելյան

By Դեկտեմբերի 21, 2021 84

ԱՄՆ-ում մի նոր համաճարակ է ի հայտ եկել որը իրականում ողջ աշխարհով է շատ արագ տարածվում ու շատ ավելի մեծ վտանգներ է ներկայացնում ներկայիս աշխարհակարգի համար քան Կովիդը: Համաճարակի անունն է «The Great Resignation» (Մեծ Հրաժարական) ու իրենից ներկայացնում է բնակչության զանգվածային հրաժարական աշխատանքից: Մարդիկ միլիոններով հրաժարվում են աշխատել: ԱՄՆ-ում ներկա պահին ամսեկան 4 միլիոնից ավելի մարդ է գործից դուրս գալու դիմում գրում, երկրում կա 12 միլիոն ազատ աշխատատեղ: Շատերը սա կապում են Կովիդի հետ, սակայն տենդենցը սկսել է դեռ 2009 թվականից: Նախակովիդյան 2018 թվին ազատ աշխատատեղերը ընդամենը 6 միլիոն էին, իսկ 2009-ին 2 միլիոն: Ընդ որում գործազրկության ցուցանիշը որոշակի տատանումներով հանդերձ էականորեն չի փոխվել: Օրինակ, Մայքրոսոֆթ ընկերությունը բացահայտել է որ իր աշխատուժի մոտ կեսը ցանկանում է դուրս գալ աշխատանքից:

Միացյալ Թագավորության իշխանությունները այս տարի ստիպված էին զինված ուժերին ներգրավել որպես բեռնատարների վարորդներ որպեսզի բենզինի և դիզելի շուկայում գոյացած դեֆիցիտը մի կերպ լրացնեն: Ու խնդիրը վառելիքի առկայության մեջ չէր, բենզինն էլ կար, բենզակայաններն էլ, ուղարկի վառելիքը բենզակայան հասցնող մեքենայի վարորդ չկար: Լրատվականները սա բացատրում էին նրանով, որ հիմնականում ԵՄ արևելյան մասից ներգրավված վարորդները չեն կարողանում մտնել ՄԹ Բրեքզիտի պատճառով, բայց ոչ մեկ չէր ուզում բացատրել թե ինչու տեղացիները չեն համալրում թափուր աշխատատեղերը: Նույն վիճակը բազմաթիվ այլ ոլորտներում է ու ոչ միայն Բրիտանիայում:

Ընդ որում սա զուտ «զարգացած աշխարհի» խնդիր չի: Չինաստանը, որ հայտնի է աշխատասեր ժողովրդի վրա հիմնված տնտեսական հրաշքներով ներկա պահին ունի աշխարհի ամենա արագ կրճատվող աշխատունակությունը: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ բնակչությունը արագ ծերանում է, բայց նաև այն փաստով որ նրանք այլևս աղքատ չեն ու պարզապես հրաժարվում են աշխատել նույն պայմաններով:

Հայաստանում որևէ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտ գիտի ինչ ահռելի դժվարություն է ներկայացնում իրենից աշխատող գտնելը ու մոտիվացնելը: Նույն վիճակն է Վրաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհով մեկ: Ընդ որում շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս գործալքության շքերթի առաջին շարքում կանայիք են: ԱՄՆ-ում կանայք 20%-ով ավելի հաճախ են դուրս գալիս աշխատանքից: Ու ակնհայտ է որ պատճառները հոգեբանական են: Մարդիկ պարզապես այլևս չեն ուզում ապրել այնպես ինչպես ապրում են, նրանք չեն տեսնում իմաստը: Այս փաստն է որ գալիք տարիներին աշխարհի բոլոր կատակլիզմների հիմքում է լինելու: Կապիտալիստական մոդելը սպառել է իրեն, մարդուն փողով մոտիվացնելը այլևս շատ դժվար է:

Արթուր Դանիելյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved