Լա՞վ չէ, որ Նիկոլը, Սպիտակցի Հայկոյին դատելու փոխարեն, նրան երգել է տալիս

Լա՞վ չէ, որ Նիկոլը, Սպիտակցի Հայկոյին դատելու փոխարեն, նրան երգել է տալիս

Թերթերից մեկն այսօր գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը օրերս կառավարական ամառանոցում փարթի է կազմակերպել ՔՊ-ականների հետ, որի ընթացքում երգել է նաև հայտնի ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն։ Ասում են՝ վերջինիս որդին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին: Ի՞նչ անենք, ասենք՝ դա ի՞նչ շեշտելու բան է։ Հիմա որդին ընդդիմաիդր հայացքներ ունի, հայրը՝ մշակութային։ Որդին հայհոյում է Նիկոլին, հայրը՝ երգում նրա համար։ Ո՞րն է այստեղ պարսավանքի արժանի, որ այսպես ակնարկներով կծմծել եք, թե հայրը երգել է ՔՊ-ականների հավաքին։

Զարմանալի մարդիկ են այս լրագրողները․ ստից բանից կսարքեն պատմություն։ Կարող էին, չէ՞, դրականորեն շեշտել, որ հայրենի իշխանությունները այնքան դեմոկրատ են, որ իրենց հայհոյողի, իրենց հրաժարականը պահանջողի հորը կանչում են, որ իրենց համար երգի․․ փողով հավանաբար։ Կարող էին, չէ՞, հորը բռնել, դատել, ասենք, որդու ընդդիմադիր հայացքների համար, բայց չեն արել՝ նախընտրելով հորը երգել տալ իրենց հավաքին։

Կամ այդ լրագրողը, որ լուրը գրել է, ինչո՞ւ հատուկ ուշադրություն չի հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր իշխանությունները նախընտրում են մեր ազգային երգ-երաժշտությունը, ոչ թե օտարինը։ Օրինակ՝ նրանք նախընտրել են, որ իրենց հավաքույթին հնչի մաքրամաքուր, հայկական, զուլալ մուղամը, ոչ թե ադրբեջանաթուրքական մուղամը, որն ավելի շատ կլկլոց է հիշեցնում։ Դրա համար էլ իրենք Զեյնաբ Խանլարովայի փոխարեն Սպիտակցի Հայկոյին են հրավիրել՝ քաղցրացնելու իրենց բարձրաճաշակ հավաքույթը։

Հիմա փոխանակ սրա մեջ մի դրական, հայրենասիրական նոտա գտնեն մեր լրագրողները, քլնգում են, թե ռաբիս երգչի են կանչել, որ մուղամ երգի ադրբեջանցիների հետ բարեկամության ձգտող մեր իշխանությունների համար։ Հե՛չ քթածակ չունեն, մարդկանց վարկաբեկելու համար էլ մի հատ են։

ORAGIR.NEWS

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022 12:42

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved