Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը ֆիզիկական իմաստով չափազանց մեծ է. Նիկոլ Փաշինյան

Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը ֆիզիկական իմաստով չափազանց մեծ է. Նիկոլ Փաշինյան

Շատերը, հնարավոր է, հարց հնչեցնեն՝ իսկ ինչու էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ: Այս մասին ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրը հետևյալն է՝ հրամանատարի ամենակարևոր գործառույթը զինվորի առաջ խնդիր դնելն է, որոնք ունեն կոնկրետ մարտավարական և ռազմավարական նպատակ: Հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է, հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: Փաստացի, լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈւ-ի առջև, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի»,-ասաց նա՝ նշելով, թե հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

«Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 000 զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ, նաև ձեզ համար»,-ասաց նա՝ նշելով՝ սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին:

«Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այդ գիտակցությամբ: Այս իրավիճակում և պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, այլ պետք է որոշում կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կսկսվեր մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 000, 20 000, 25 000 զինվորների զոհվելով կամ գերեվարմամբ»,-ասաց նա:

Թե ինչու հրաժարական չտվեց այդ թուղթը չստորագրելու համար, Փաշինյանն ասաց՝ դա կնշանակեր դասալքություն, նաև որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում:

«Մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար: Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար: Բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում»,-ասաց նա՝ նշելով, թե լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է:

«Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ԻԻՀ-ի հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:

Իր հարցին՝ արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, Փաշինյանը պատասխանեց. «Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որ 20-րդ դարում ամենադաժան կապիտուլյացիաների են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրիների շարքին»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ