Ռուսաստանն ու Իրանը իրավական առումով կարող են միջամտել Արցախի պատերազմին

Ռուսաստանն ու Իրանը իրավական առումով կարող են միջամտել Արցախի պատերազմին

Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան, մասնավորապես՝ Արցախ տեղափոխելու ու այնտեղ Արցախի դեմ կռվելու վերաբերյալ Ռուսաստանն ու Իրանն արդեն բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել։

Ժամանակը չէ՞, որպեսզի Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը կազմեն հակաահաբեկչական կոալիցիա, քանի որ ահաբեկիչների մուտքն Արցախ վտանգում է ոչ միայն՝ Արցախի, Հայաստանի ու տարածաշրջանի, այլև՝ Ռուսաստանի ու Իրանի անվտանգությունը։ Այս հարցը 168.am-ն ուղղեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանինորին ի պատասխան՝ նա ասաց.

«Կարծում եմ՝ նման ձևաչափ կարելի էր ստեղծել նաև պատերազմից առաջ, որպեսզի մենք ավելի պատրաստ լինեինք։ Սակայն այսօր էլ դրա հնարավորությունը կա, ընդ որում, այն ունի չափազանց հետաքրքիր բաղադրիչ, որի վրա մենք քիչ ենք ուշադրություն դարձնում։ Միայն հակաահաբեկչական գործողության շրջանակում է, որ իրավական առումով, կարծում եմ՝ դուռ կբացվի Ռուսաստանի ու Իրանի համար՝ միջամտելու Արցախի պատերազմին։ Մյուս բոլոր պարագաներում կարծես թե այս երկու տերություններն առաջնահերթություն են համարում այն հանգամանքը, որ այդ տարածքը միջազգայնորեն Ադրբեջանի հովանու ներքո է։ Սա նույնպես հարցականի տակ է, քանի որ միջազգային իրավունքի մասնագետներն ավելի լավ կբացատրեն, որ Արցախն Ադրբեջան չէ, քանի որ Արցախն այդ երկրի տարածքային ամբողջականության մաս չի հանդիսացել երբևիցե։ Այդուհանդերձ, այդ պարագայում հակաահաբեկչական կոալիցիան շատ ավելի ազատ ձեռքերով կարող է գործել այն տարածքում, որն Ադրբեջանի կողմից հռչակվում է իր սուվերեն տարածքային ամբողջականության մաս»։

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ վերը նշածը կարևոր ուղղություն է, ընդ որում, այդ ուղղությամբ կարելի է  աշխատել թե դաշնակից ու բարեկամ Ռուսաստանի և բարեկամ Իրանի հետ, թե եռակողմ ձևաչափով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան։

«Այս ամենի համար պետք է լուրջ ջանքեր գործադրվեն, կարծում եմ՝ սա չափազանց կարևոր ու հեռանկարային ուղղություն է այսօր ընթացող պատերազմական գործողությունների համատեքստում ևս»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

1

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ