Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:

Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել  համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:

Հայկական կողմը մեծապես կարեւորում է էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը: «Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:

Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայման մեծ ներուժ ունի եւ պատրաստ  է  աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ  ժողովուրդների:

«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:

ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:

Նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար, տեղեկացնում են ԱԺ-ից:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved