Ընդդիմության փաստաթղթում չի խոսվում նոյեմբերի 9-ի չեղարկման, Արցախի ճանաչման եւ այլ պահանջների մասին

Ընդդիմության փաստաթղթում չի խոսվում նոյեմբերի 9-ի չեղարկման, Արցախի ճանաչման եւ այլ պահանջների մասին

Հայաստան եւ ՊՈՒ դաշինքները մոտ երկու ամիս փողոցային պայքարից հետո հրապարակել են հայտարարության նախագիծ, որը ներկայացվել է ԱԺ արտահերթ նիստին։ Այդ փաստաթուղթը սահմանում է այն գծերը, որոնք ՀՀ իշխանությունը չպետք է անցնի բանակցությունների ժամանակ։ Սա արդեն երրորդ համատեղ հայտարարության նախագիծն է․ նախորդ երկուսը չեն ընդունվել՝ ՔՊ մեծամասնությունը չի մասնակցել քննարկումներին, չի մասնակցելու նաեւ այսօրվա նիստին։

Խորհրդարանի «ընդդիմությունը» հայտարարում է, որ սա լինելու է ջրբաժան իշխանության համար։ Միեւնույն ժամանակ, հայտարարվում է, թե ջրբաժան է լինելու նաեւ բոլոր կուսակցությունների համար, որոնք չեն միացել հայտարարությանը՝ ով չմիանա՝ ուրեմն Ալիեւի սպասարկուն է։

Իհարկե, չմիացող կուսակցություններն էլ կարող են հայտարարել, որ ով հավատարմություն է հայտնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նա սպասարկում է Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման Մոսկվայի ու Անկարայի համատեղ ծրագիրը։ Կարող են նաեւ ասել, որ «ընդդիմությունը» հայտարարության մեջ չի նշել այն հիմնախնդիրները, որոնք Հայաստանի ներկայիս կացության պատճառներն են, եւ ընկել է հետեւանքների հետեւից։ Օրինակ, փաստաթղթում չի խոսվում նոյեմբերի 9-ի չեղարկման, Արցախի ճանաչման եւ այլ պահանջների մասին։

Բայց մի կողմ դնենք սա։ Եթե Հայաստան եւ ՊՈՒ դաշինքների նպատակն իսկապես այդ թեկուզ անատամ փաստաթղթի ընդունումն է եւ ոչ թե քպ-ական իշխանությանը «բռնացնելու» հերթական առիթը եւ գանգատվելը, թե հնարավոր չէ խորհրդարանում անցկացնել որոշումներ, դրա համար կան համապատասխան մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ընդ որում՝ հենց նույն խորհրդարանում ՔՊ-ին ստիպելով մասնակցել քննարկումներին եւ ընդունել որոշումները։

Մասնավորապես, ամիսներ շարունակ նույն բառապաշարով ու բովանդակությամբ ելույթների, վերջնագրերի, երթերի ու հանրությանը ձանձրացրած քարոզչությանը զուգահեռ կազմակերպել հայտարարության նախագիծը խորհրդարանում որպես հանրության պատգամ ներկայացնելու գործը։ Ոչ թե օդում հայտարարել, թե դա հանրության պահանջն է, այլ անցկացնել ստորագրահավաք, հավաքել հարյուր հազարավոր ստորագրություններ, ինչը նաեւ հանրաքվե անցկացնելու հիմք է, եւ դնել ՔՊ-ի առաջ։ Այդպիսով կիրագործվեր նաեւ հանրային մոբիլիզացիայի հարցը, որից դժգոհում են «ընդդիմության» ներկայացուցիչները։

Քաղաքականությունը, քաղաքական պայքարը պետք է իմաստավորված լինի ու չափվում է արդյունքով։ Եթե սա չկա, այդ պայքարը հակառակ արդյունքն է տալիս։ Ավելորդ է ասել, թե դա ինչ ներքին ու արտաքին հետեւանքներ է ունենալու՝ հանրային անկումային տրամադրություններից մինչեւ հայկական շահերի ու պահանջների հանդեպ ուժի կենտրոնների դիրքորոշման վերջնական հստակեցում։ Այս պարագայում, իշխող խմբի հետ մեկտեղ, հավասար պատասխանատվություն են կրում «դիմադրություն» նախաձեռնած խմբերը։ Սա այն է, ինչի մասին զգուշացրել ենք բազմիցս։

Քննարկե՞լ են արդյոք այս հանգամանքը «դիմադրություն» նախաձեռնած խմբերը, դրե՞լ են նման խնդիրներ իրենց առաջ։ Ճամփաբաժանն անցնում է այլ տեղով ու այլ խնդիրներով։

Սկզբնաղբյուր

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved