Թուրքիան իր «ոչ»-ն է ասել Ռուսաստանին՝ իրեն ներկայացնելով որպես նոր ուժ․ Advance

Թուրքիան իր «ոչ»-ն է ասել Ռուսաստանին՝ իրեն ներկայացնելով որպես նոր ուժ․ Advance

By Հոկտեմբերի 16, 2020 326

Տարածաշրջանում ԱՄՆ լիակատար անտարբերության պայմաններում մնում է միայն Ռուսաստանը, որը կարող է փորձել այս հակամարտությունը դադարեցնել մինչ դրա պատերազմի վերաճելը (իսկ նրա հետ է Ֆրանսիան, սակայն հասկանալի է, որ Ֆրանսիան, ինչ էլ Մակրոնն իրենից երեւակայի, օժտված չէ բավարար ազդեցությամբ)։ Ռուսաստանի համար, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Կովկասում խաղաղություն իշխի, քանի որ խոսքը իր մերձավոր հարեւանների եւ վայրի մասին է, որը պոտենցիալ կարող է դառնալ իսլամիստական ծայրահեղության օջախ (եթե Սիրիայից Ադրբեջան գրոհայինների հոսքը չդադարեցվի)։

Կարելի է ասել, որ այդ երկու ժողովուրդներն այժմ «բորբոքված են», եւ նրանցից ոչ մեկը չի ցանկանում ո՛չ հրադադար, ո՛չ խաղաղություն: Սակայն, ամենայն հավանականությամբ, եւս մեկ գործոն կա՝ թուրքականը:
 
Թուրքիան ամենեւին չի փորձում կարգավորել իրավիճակը: Նա «կրակի վրա յուղ է լցնում»՝ ապակառուցողական դեր խաղալով: Իսկ Ռուսաստանն իսկապես փորձում է կարգավորել այդ հակամարտությունը: Ընդ որում, եկեք անկեղծ լինենք, նա դա անում է, առաջին հերթին, ելնելով սեփական քաղաքական շահերից եւ անվտանգությունից: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել միջնորդի դերը, քանի որ կողմերից փոխադարձ զիջումներ է ակնկալում եւ շահագրգռված է ավարտին հասցնել հակամարտությունը:

Մյուս կողմից՝ Թուրքիան գրեթե ոչ մի անգամ չի հիշատակել խաղաղության մասին: Միակ տարբերակը, որի դեպքում նա կարող է խոսել խաղաղության մասին, դա «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումն է», այսինքն՝ ԼՂ փոխանցումը Ադրբեջանին: Ով հասկանում է Լեռնային Ղարաբաղի պատմական կարեւորությունը, նա կհասկանա նաեւ այն, որ այդ թուրքական կոչն աշխարհին ոչ այլ ինչ է, քան օրուելական «Պատերազմը խաղաղություն է»:

Այժմ Ռուսաստանը մեծ խնդրի առջեւ է կանգնած: Թուրքիան ակտիվորեն դիմակայում է նրա խաղաղ նախաձեռնություններին եւ Բաքվին հրահրում հակամարտության շարունակմանը: «Պանդորայի արկղն» արդեն բաց է: Սիրիայից գրոհայիններն արդեն հավաքվել են թուրքական սահմանին եւ սպասում են Կովկաս տեղափոխվելուն: Սակայն Մոսկվայում մեկ հանդիպմամբ դա չես կանգնեցնի:

Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը. ասել Թուրքիային՝ «հեգեմոն մի՞ եղեք»: Նա, իհարկե, կարող է պահանջել, սակայն արդյունքի չի հասնի: Դեռ ոչ ոքի չի հաջողվել սանձել այդ Էրդողանին՝ Էրդողան, ով հայտնվեց 2016 թվականի անհաջող հեղաշրջումից հետո: Եվ մոտ ապագայում դա ոչ ոքի չի հաջողվի: Ինչո՞ւ, քանի որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նրա հետ «հաշիվ մաքրել», միեւնույն ժամանակ նրա հետ որոշակի շահեր եւ պայմանագրեր ունեն: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին: Խոսքը շատ ոլորտների մասին է՝ Հյուսիսային Սիրիայից ընդհուպ մինչեւ էներգետիկա, որը առանցքային դեր է խաղում Ռուսաստանի համար («Թուրքական հոսք»): Էրդողանն առավել, քան երբեւէ պատրաստ է նոր պայմանագրի, սակայն պատրաստ չէ բանակցությունների: Այժմ նա բարձրացնում է խաղադրույքն ու բացահայտ ասում Մոսկվային, որ Կովկասում զիջումը տեղ չունի: ԼՂ-ն, ըստ նրա, պետք է լինի «ադրբեջանցի եղբայրների» ձեռքում: Ռուսաստանը կարող է կամ համաձայնել, կամ «ոչ» ասել, սակայն կնախընտրեր ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան իր «ոչ»-ն է ասել Ռուսաստանին՝ իրեն ներկայացնելով որպես նոր ուժ, որը ունի աշխարհաքաղաքական խնդիրներ հաղթահարելու ունակություն:

Աղբյուրը՝ News.am

Rate this item
(0 votes)