Առաջին փուլում 5 շրջանների ազատումն է, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար․ Լավրով

Առաջին փուլում 5 շրջանների ազատումն է, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար․ Լավրով

By Հոկտեմբերի 14, 2020 287

«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։

Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ, իհարկե, հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։

Հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովն արձագանքեց՝ մանրամասնելով, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև պարզաբանեց, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք պետք է տրվեն առաջին փուլում ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն։

«Ներկայումս ոչ թե խաղաղապահների, այլ խոսքը զինվորական դիտորդների մասին է, մենք ճիշտ ենք համարում, որ լինեին մեր դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը։ Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,- ասաց Լավրովը։

Rate this item
(0 votes)