Print this page

Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողության կիրականացվի Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

By Դեկտեմբերի 17, 2021 122

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, «Սևան»ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:

Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:

Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։

Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։

«Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։

Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվոթյամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։

Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, մանրամասնվել են ընթացակարգերը, ժամանակացույցը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։

Rate this item
(0 votes)

Latest from Lurer24