Սամվել Ալեքսանյանի գործարանում մարդուն այն վիճակում են դրել, որ խաղողը հանձնել է 92 դրամով․ նախարարը ստում է

Սամվել Ալեքսանյանի գործարանում մարդուն այն վիճակում են դրել, որ խաղողը հանձնել է 92 դրամով․ նախարարը ստում է

By Սեպտեմբերի 17, 2020 161

Գյուղացու խաղողը 150 դրամով չընդունելը հանցագործություն է այդ նույն գյուղացու նկատմամբ. գյուղացին ուղղակի այդպես կկործանվի։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը:

«Պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, ուզում ենք որոշել խաղողի մթերման մի կայուն գին, պատկան կառույցներից մեզ որևէ մեկը որևէ բան չի առաջարկում, անգամ չեն էլ փորձում հարցը լուծելու տարբերակ առաջարկել, վերացրեցին Գյուղնախարարությունը, դա էլ չկա, որ այնտեղից գան ու գյուղացուն մի բան ասեն, իսկ 150 դրամից ցածր խաղողի մթերումը հանցագործություն է, մարդիկ վարկի տակ են, չեն կարողանա ձմեռն անցկացնել»,- ասաց Ավագյանը։

 Դիտարկմանը, թե երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խաղողի մթերման 100 դրամ գնի մասին լուրը թյուրիմացություն է, և մթերման իրեն հայտնի գինը 135 դրամն է, Հենրիկ Ավագյանն ասաց.

«Այդ 135 դրամով դեռ որևէ մեկը խաղող չի մթերել, բայց մթերել են 92 դրամով, մի՞թե կարելի է սուտ խոսել այդ կարգի։ Նախարարին հերքում եմ, սուտ է ասում։ Սամվել Ալեքսանյանը մեր Արտաշատում տրիկոտաժի գործարանը դարձրել է խաղողի մթերման գործարան և երեկ 5-6 տոննա խաղող է մթերել 92 դրամով։ Խաղողագործին գործարանից ասել են՝ գրադուսը ցածր է, և դա՝ այն դեպքում, երբ մարդը խաղողը քաղելուց առաջ եկել է գործարան, ասել՝ գրադուս տվեք՝ իմանամ՝ քաղե՞մ, թե՞ ոչ, ասել են՝ նորմալ է, գնա քաղի բեր, և երեկ մարդուն այն վիճակում են դրել, որ ինչ գնով էլ ասեին, պետք է խաղողը հանձներ, հո այդ 6 տոննա խաղողը չէ՞ր ուտելու, ընդունել են 92 դրամով»,- ասաց Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ վերամշակող բոլոր գործարանները խաղողագործների հետ նախապես պայմանագրերում գին չեն նշում, ինչն էլ հնարավորություն է տալիս մթերողներին վերջում սահմանել այնպիսի գին, որը ձեռնտու չէ խաղողագործին։

«Ինչո՞ւ գին չեք նշում, գին նշեք, մարդն իմանա՝ խաղողն աճեցնի՞, թե՞ ոչ։ Գործարաններն այդպես են անում, որովհետև իրենք էժան սպիրտով են աշխատում, դա է պատճառը, որ խաղողը չեն ուզում, և ոչ թե այն, որ տեղ չունեն։ Հարց է առաջանում, բա էդ գործարանը ինչի՞ են տվել Սամվել Ալեքսանյանին, եթե խաղողը չեն մթերում, մի 30 հեկտարանոց գործարանը կոպեկներով տրամադրել են, հիմա էլ ուզում է մարդկանց խաղողն էլ կոպեկներով ընդունի։ Հիմա էլ կոպեկներով խաղողի այգիներ է առնում, բոլորին ասում է՝ ձեր այգիները ծախեք՝ առնեմ։ Նույնն է նաև Պռոշյանի գործարանը, այգիներ է հիմնել, գյուղացուն ասում է՝ իմ այգին ունեմ, ձեր խաղողը ինչո՞ւ մթերեմ։ Հենց այստեղ է, որ կառավարությունը մեծ անելիք ունի»,- ասաց Ավագյանը։

Rate this item
(0 votes)