Սպասեք համապատասխան անակնկալների․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ալիևին

Սպասեք համապատասխան անակնկալների․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ալիևին

By Սեպտեմբերի 30, 2020 644

ՀՀ-ն բարձրացրել է հարցը, որ օգոստոսի 13-14-ին զորավարժություններն ավարտվեցին ու F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից` մնալով օդանավակայաններում: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչի ներգրավվածությանը ռազմական գործողություններում:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ այս ամենը չընդունելուն և ծիծաղելի հայտարարությանը, թե իրենց ռազմաօդային ուժերում չկա F-16, մենք շատ լավ գիտենք, թե ինչ կա իրենց ռազմաօդային ուժերում, թե ինչ կործանիչներ կան և լավ գիտենք, որ իրենց կործանիչները չեն կարող մարտական խնդիրներ կատարել, դրա համար էլ F-16-երն այնտեղ են, մենք գիտենք, որ այդ կործանիչների հետ իրենք վաղուց են աշխատում:

ՀՀ-ն տիրապետում է համապատասպան տեղեկությունների, այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցներ։ Բոլոր նրանց, ովքեր հերքում են պաշտոնական տեղեկությունները, համապատասխան անակնկալներ են սպասվում ապացույցների տեսքով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեռ Արցախի նախագահը հայտնել էր՝ F-16-երը բերվել են օրեր առաջ, կատարել են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ. «Դրանք բերվել էին, քանի որ ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել»,-ասաց նա և նշեց, որ բացի դրանից Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ մի քանի տեսակի ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈւ-25-ի հետ։

«Ավելին ասեմ, մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ F-16-ն օդում է, աշխատում է, զուգահեռ սահմանի մյուս կողմից թուրքական ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում, բորտերով, համարներով. շատ լավ գիտենք էդ ամեն ինչը: Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, ասեմ, որ միջազգային փորձագետներ կան, որ պետք է տեսնեն այդ ամենը, կարող ենք տրամադրել այդ ամեն ինչը»,-ասաց նա և նշեց, որ ապացույցները հավաքել են, տեղին և ժամանակին դրանք կներկայացվեն:

Հարցին, թե այդ ինքնաթիռները որ երկրի սահմանով են եկել, նա ասաց, որ այս պահին չի կարող հայտարարել, բայց այդ տեղեկությանն էլ են տիրապետում:

Rate this item
(0 votes)