Սա ազգը և երկիրը կործանման տանելու ծրագիր է, սա այդ ծրագրի սկիզբն է

Սա ազգը և երկիրը կործանման տանելու ծրագիր է, սա այդ ծրագրի սկիզբն է

Պատերազմի այս ողջ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի, Սփյուռքի ողջ հայությանը ոգևորելով «հաղթելու ենք», «հաղթելու ենք» կարգախոսներով, երկու օր առաջ՝ գաղտագողի ստորագրեց Հայաստանի համար մի կապիտուլյացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ ներառյալ՝ ազատագրված 7 շրջանները, ներառյալ՝ Շուշի քաղաքը և ի հավելումն՝ ՀՀ Տավուշի մարզի գյուղական բնակավայրեր անցնում էն Ադրբեջանին: Բնականաբար, Փաշինյանը շատ լավ գիտակցում է իր քայլի դավաճանական բնույթը և հենց այդ պատճառով է, որ վախենում է փողոց դուրս գալ, նայել որդիներ կորցրած հայրենակիցների, տնանկ դարձած արցախցիների աչքերին, ողջ հայ ժողովրդին: Միով բանիվ, նա ինչ-որ փակ տարածքներից շարունակում է լայվ մտնել և արդարացնել իր արածը՝ ստորացուցիչ համաձայնագիրը ներկայացնելով որպես միակ հնարավոր լուծումը:

Ի դեպ, արդեն իսկ ռուսական մամուլը տեղեկացնում է, որ այս տարբերակից կարելի էր խուսափել, առնվազն, Շուշիի մասին խոսք չէր կարող լինել, եթե Փաշինյանը ավելի վաղ համաձայներ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, այլ ոչ թե՝ ձգեր մինչև թշնամին ընդհուպ կհասներ Ստեփանակերտի մատույցներին:

Որքան էլ տարակուսելի լինի, սակայն տևական լռությունից հետո, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանը, իսկ այսօր՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գասպարյանը՝ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի լայվին համահունչ, թե՝ որոշումը կայացրել է բարձրաստիճան զինվորականության հետ խորհրդակցելու արդյունքում, հայտարարություններով հանդես եկան: Այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել՝ հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, համարելով այն ստեղծված իրավիճակում հնարավոր ամենալավ հանգուցալուծումը, իսկ Օնիկ Գասպարյանն ուղղակիորեն կրկնեց Փաշինյանի միտքը՝ թե վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները:

Ըստ էության, ՀՀ բարձրաստիճան զինվորականներն այսպիսով մաս են կազմում և մասնակից դառնում 2 օր առաջ հայության համար անպատվաբեր և նվաստացուցիչ համաձայնագրի կնքմանը, դրա որպես օպտիմալ լուծում ներկայացմանը, այն պարագայում, որ շուրջ 30 տարի ունեցել ենք ազատ, անկախ Արցախ, ինչը փաստում է տասնամյակներ շարունակ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու հնարավորությունների առկայության մասին: Ի վերջո, մաս են կազմում այն տեսակետին, որ Փաշինյանը վաղօրոք ոչինչ չի իմացել և որ այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների:

Նկատենք սակայն, որ անդառնալի կորուստներից մենք ոչ միայն չենք խուսափել, այլև մեր կորուստներն անչափելի են, ընդ որում և՛ մարդկային, և նյութական, և՛ հոգևոր-մշակութային: Մենք մեր հայրենիքն ենք կորցրել:

Այն, որ Փաշինյանին արևմտյան ուժերը բերել են իշխանության՝ Արցախի ազատագրված տարածքները հանձնելու համար, ի սկզբանե էր խոսվում, բայց անցած ողջ ընթացքում նա հանրությանը բազմիցս հավատացնում էր, թե անհնար է անգամ նման բան պատկերացնելը, թե ինքը ժողովրդի թիկունքում դավեր նյութող չէ, ցանկացած որոշում պիտի լինի ժողովրդի համաձայնությամբ:

Բայց մի բան են պոպուլիստական ճառերը, բոլորովին այլ բան՝ գործնականում հայության շահերից բխող որոշումներ կայացնելը, պատերազմ վարելը և այլն: Այն, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից ստացվող տեղեկությունները՝ առաջնագծի, պաշտպանական և հարձակողական բնույթի մարտեր վարելու, մեր ունեցած զոհերի վերաբերյալ շատ հակասական էին, անզեն աչքով անգամ տեսանելի էր: Որպես ասվածի ապացույց ուղղակի կարելի է հղում կատարել ՀՀ ԱՍԾ հոկտեմբերի 8-ի հանորդագրությանը, ըստ որի ՊԲ N զորամասի գումարտակում կապի դասակի հրամանատարի մակարդակով տեղյակ են եղել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Ասել է, թե՝ նման տեսակետներ բանակում եղել են և այդ մասին բարձրաստիճան զինվորականությունը անհնար է, որ տեղյակ չլիներ:

Բայց մի բան է՝ կանխավ տեղյակ լինելով հանդերձը, մեկ այլ բան՝ անխուսափելիության պայմաններում որոշում կայացնելը, վերջինիս պարագայում եթե ՀՀ և ԱՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը մեր բազմաթիվ զինվորների և կամավորների մահվան է տարել, դա ուղղակի աններելի հանցանք է: Իսկ եթե կանխավ են իմացել և առնվազն երկրի քաղաքական ուժերի հետ այն չեն քննարկել, մեկ այլ հանցանք է: Քանզի ներկա իշխանության բանակցային ձիրքերը, բազմիցս է ապացուցվել, որ ապաշնորհության տիրույթում են:

Սա ոչ միայն պարտություն է, ազգը և երկիրը կործանման տանելու ծրագիր, սա այդ ծրագրի սկիզբն է, քանի որ Արցախը հանձնելով հանձնում ես Հայաստանը:
Փաշինյանական՝ մասը տալ, որ ամբողջը մնա թեզը սին է: Հայրենիքը մեծ վտանգի առջև է:

Աղբյուր` Փաստինֆո

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ