Լուրեր
Լուրեր

Լուրեր

ուդուկահար Կամո Սեյրանյանն ու նրա զավակները նոր տեսահոլովակ են թողարկել, որում երաժշտի որդին եւ դուստրը կատարում են գուսան Հայկազունի «Հայեր միացեք» երգը, իսկ դուդուկահարը նվագակցում է։

Տեսահոլովակը Կամո Սեյրանյանի Youtube-յան էջում վերնագրված է «Հաղթելու ենք»։

Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»,-գրել է նա։

Խուդաֆերինի կամ Խոդա Աֆարինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին: ԻԻՀ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետր, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները շարունակում են առաջին գիծ ուղարկել վարձկանների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:

«Նրանք այլընտրանք սովորաբար չունեն, անգամ այնպես են կազմակերպում, որ իբր թե այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կամավոր են գնում:

Ադրբեջանում բռնության կիրառմամբ շոու կազմակերպեցին, որ իբր թե Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ նաև քրիստոնյա համայնքները, կողմ են պատերազմին, կողմ են այդ շեհիդներին: Ստիպեցին, որ ռուսները, հրեաները և մյուսները համատեղ աղոթք բարձրացնեն ադբեջանական բանակի հաղթանակի համար:

Տեսնում եք, չէ՞, որ հիմա ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, շատերն ասում են, թե դա չի կարող ազդել պատերազմի վրա, այնինչ դա մեսիջ է Ալիևին, վերջին զգուշացումը: Իսկ Ալիևն ազգային փոքրամասնությունների խաղաքարտն է շահարկում, կարճ ասած՝ ասում են, որ, եթե ռուսները միջամտեն այդ հակամարտությանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ադրբեջանում կկոտորեն ռուսներին: Ընդ որում, շեշտում են, որ այնտեղ իբր թե 180.000 ռուս կա: Ահաբեկչական մեթոդներով այդ մարդկանց ստիպում են մասնակցել անմարդկային կոտորածին»,- եզրափակեց ադրբեջանագետը:

NEWS.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:  

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ  նամակով  դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին,  որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է  էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որը ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար:

Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի:

Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Военное Обозрение-ն գրում է:

Հոկտեմբերի սկզբին Բաքուն մեղադրել է Երևանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով և Հարավ-կովկասյան գազատարով ձևավորված էներգետիկ միջանցքին հարվածելու համար:

Նավթամուղը և գազատարը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Կասպից ծովին զուգահեռ հասնում են մինչև Թուրքիա, սակայն դրանց կարևոր հատվածը անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին շատ մոտ:

Այդ նավթամուղը հիմնական միջանցքն է, որն ապահովում է կասպիական նավթի հասանելիությունը դեպի միջազգային շուկաներ: Նավթը հիմնականում մատակարարվում է Թուրքիա, Իտալիա և Իսրայել, ինչպես նաև Իսպանիա:

Գազատարը ԵՄ հարավային գազային միջանցքի մի մասն է, բայց առայժմ ադրբեջանական գազի հիմնական մասն արտահանվում է Թուրքիա: 

Ռազմական հակամարտության զարգացման դեպքում մեծանում է նավթամուղի և գազատարի վնասման հավանականությունը:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մի շարք քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով Կառավարությունից պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձաքննություն ունեցող անձանց:

 
Հայտարարությունում ասվում է.

Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է:

Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:

Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:

Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.
 

1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:          
«Ազատություն» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

 «Համերաշխություն» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայրենիք» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցություն

Հայտարարությունը բաց է ստորագրման համար: 

Շատ հայեր վերահաստատում են, որ հույսը կապում են Ռուսաստանի հետ, գրում է eurasianet.org կայքը։ 

Աղբյուրը նշում է, որ հակամարտության սկզբից Թուրքիան բոլոր առումներով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում և ըստ պայմանագրի պարտավորվում է հարձակման դեպքում պաշտպանել հայկական կողմին, հարաբերականորեն չեզոք դիրք է զբաղեցնում։ 

Միևնույն ժամանակ պատերազմի լուսաբանման հարցում Ռուսաստանը հայամետ դիրքորոշում ունի՝ չնայած,որ երբեմն լինում են նաև երկիմաստ լուսաբանման դեպքեր:
 
Բացի այդ, Eurasianet-ի թղթակիցը զրուցել է նաև երևանաբնակ հայերի հետ:

«ԱՄՆ-ն ու այլ երկրներ բավարարվել են Սիրիան ռմբակոծելով, նրանք Թուրքիայի դեմ ելնելու քաջություն չունեն, սակայն Ռուսաստանն ու Իրանը ունեն․ նրանք են մեր իրական դաշնակինցերը»,- նշել է զրուցակիցը: 

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներն առ այն, թե նա Լեռնային Ղարաբաղին զենք է մատակարարել։ Կարապետյանը հիշեցրել է, որ նա մշտապես տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչեր է արել, գրում է armeniasputnik.am կայքը։ 

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն են ու անհեթեթ, դա բացարձակ կեղծ լուր է: Անչափ մտահոգիչ է այն, որ այդպիսի հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես Լեռնային Ղարաբաղում  խաղաղության հաստատման կոչեր եմ արել ինչպես խոսքով, այնպես էլ գործով»,- նշել է գործարարը:

Կարապետյանը հավելել է նաև, որ այն մարդկանցից է, որոնք տարածաշրջանում սոցիալական օբյեկտներ են կառուցել։

«Ի դեպ, մենք ենք կառուցել այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը՝ չխնայելով անգամ խաղաղ բնակիչներին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնոդությամբ է հնարավոր լուծել»,- ընդգծել է Կարապետյանը և հավելել, որ շարունակելու է աջակցել Հայաստանին։

«Կուզենայի շեշտել նաև, որ միշտ աջակցել եմ և աջակցելու եմ հայ ժողովրդին և հետագայում էլ մտադիր եմ շարունակել տարածաշրջանում բացառապես հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացումը»,- եզրափակել է գործարարը։

Հիշեցենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիևը հայ մեծահարուստներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, մեղադրել էր քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու համար: