Լուրեր
Լուրեր

Լուրեր

Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին: Այս մասին, ըստ 168.am-ի, հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:

Ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին: Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են ատրճանակի խլացուցիչ, 19 բջջային հեռախոս, կրոնական գրականություն, կրիչներ, սկավառակներ, համակարգիչներ, ինչպես նաև ավելի քանի տասը միլիոն ռուբլի, շուրջ 5 հազար դոլար և 200 եվրո:
 
Խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը պարզել է, որ խմբավորման անդամները հետևել են համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են թողել և ծեծել են նրանց: Ազգայնականները նաև ստիպել են իրենց զոհերին ներողություն խնդրել տեսախցիկի առաջ։

Արցախում ոչնչացվել է «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Ադել Շահիրը։

Այս մասին հայտնում է North press-ը։ Արդել Շահիրը հանդիսանում է «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի հրամանատարը եւ առաջին վարձկաններից մեկը, որ միացել է Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմին՝ հանդես գալով Ադրբեջանի կողմից։

Նրա եւ նրա չորս զինակիցների դիակները տեղափոխվել է թուրքական Այնթափ, իսկ հետո էլ տեղափոխվել է Սիրիա՝ Բաբ-Սալամի անցակետով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման գործընթացում առանձնահատուկ դեր ունի:

«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:

Ստեփանկերտի ծննդատունն է, Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո:

Today their Armed Forces targeted Stepanakert Maternity Hospital.

Роддом Степанкерта после целенаправленного обстрела со стороны Азербайджана.

Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։

Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին  ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։

Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով:

«Հայրենակիցներ,

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։

 Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։

Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»,-ասված է կոչում:

Լրագրող, նովելիստ, The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից:

Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը:

Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ:

«Պատերազմողները չեն դադարում կռվել, քանի դեռ շարունակելու գինն ավելի բարձր չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է սյունակագիրն ու հռետորական հարցադրումներով մատնանշել ԱՄՆ հնարավոր քայլերը, որոնք կարող են բարձրացնել պատերազմելու գինը:

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի երկրատև մարտերի գինը: Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դադարեցո՞ւմ: Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերո՞ւմ: Խաղաղության համաձայնությունը մերժելու համար Ադրբեջանին ու իր գործընկեր Թուրքիային ԱՄՆ-ի կողմից դատապարտող հայտարարությո՞ւն»,-գրել է նա:

Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,-գրել է նա:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախապես ծրագրված մի շարք այցեր է իրականացրել Միջին Ասիայի երկրներ: Ուղևորության հիմնական նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, գրում է Военное Обозрение-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը Պակիստան կատարած այցից հետո մեկնել է Ղազախստան, այնուհետև՝ Ուզբեկստան։ 

Ղազախստանում Աքարը հանդիպում է ունեցել իր գործընկեր Նուռլան Երմեկբաևի հետ․ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ղազախ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Ղազախստանի ռազմավարական գործընկերն է, և որ երկու երկրի միջև ռազմական ոլորտի մի շարք՝ այդ թվում գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրեր կան։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի ուշ Ուզբեկստանում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հետ: Բանակցությունների հիմնական թեման երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներն են եղել։ 

Նախարարների հանդիպումն ավարտվել է Ուզբեկստանի և Թուրքիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրմամբ։ 

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Ինչպես տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Բացի այդ, «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։