«Մոսադ». ինչպե՞ս է գործում աշխարհի խոշորագույն հետախուզական ծառայություններից մեկը

«Մոսադ». ինչպե՞ս է գործում աշխարհի խոշորագույն հետախուզական ծառայություններից մեկը

By Դեկտեմբերի 07, 2020 132

Իսրայելական հատուկ ծառայությունները կասկածվում են իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար, սակայն ի՞նչ դրդապատճառ կարող էր ունենալ «Մոսադը», գրում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ անդրադառնալով իրանցի միջուկայնագետի սպանությանն Իսրայելի հնարավոր մասնակցությանը։

Ինչպես գրում է պարբերականը Իրանի միջուկային ծրագիրն Իսրայելը համարում է էքզիստենցիալ վտանգ ներկայացնող, ինչի պատճառով էլ Թել Ավիվը հայտարարել է, որ ծրագրի իրականացման դանդաղեցումը կամ արգելակումն իր համար առաջնահերթ խնդիր է։ Այդ խնդրի լուծման համար առաջին հերթին պատասխանատու է «Մոսադը»՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը, և «հենց սա է պատճառը, որ «Մոսադը» կարող էր իրանցի ֆիզիկոսին սպանելու դրդապատճառ ունենալ», - ընդգծում է լրագրող Պիեր Հոյմանը։

Երկար ժամանակ «Մոսադի» ֆինանսական ռեսուրսները խիստ սահմանափակ էին, սակայն երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը հատուկ ծառայությանը ֆինանսական միջոցներ տրամադրեց Իսրայելի թշնամու ռազմական միջուկային ծրագրին խոչընդոտելու համար։ Սա զարմանալի չէ, քանի որ «Մոսադը» վարչապետի անմիջական ենթակայության տակ է և յուրաքանչյուր օպերացիան իրականացվում է միայն վարչապետի հավանությունից հետո։ Սակայն, ինչպես գրում է պարբերականը, 58-ամյա Յոսի Քոենի ղեկավարության օրոք «Մոսադի» օպերացիաներն ավելի ագրեսիվ դարձան։

«Նախկին պարաշյուտիստ Քոենը, որը ղեկավարում է «Մոսադը» արդեն չորս տարի, ոչ միայն հետապնդում է ահաբեկիչներին ու իրանական միջուկային ծրագրի ղեկավարներին, այլև կիրառվում է որպես ստվերային արտգործնախարար այն երկրներում, որոնք չեն պահպանում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս կերպ նա առանցքային դեր խաղաց Իսրայելի, Էմիրատների և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման գործում», - գրում է Handelsblatt-ը՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան դասում է իր վստահելի անձանց շարքին և մեկ անգամ նույնիսկ նշել է, որ իր հետնորդը հենց Քոենն է լինելու, որը մինչ «Մոսադը» ղեկավարելը զբաղեցնում էր Նեթանյահուի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Ավելին՝ կորոնավիրուսային ճգնաժամի սկզբում հենց Քոենին է վստահվել թոքերի արհեստական օդափոխման սարքերի գնումը, որոնց ծագումը մինչ օրս գաղտնի է պահվում։

Ինչպես նշում է պարբերականը, Մոհսեն Ֆախրիզադեն առաջին գիտնականը չէ, որը մահացել է առեղծվածային հանգամանքներում. վերջին տարիներին իրանցի մի շարք ֆիզիկոսներ ու քիմիկոսներ են մահացել իրենց մեքենաների ուղղությամբ բացված կրակի կամ մեքենաների վրա մոտոցիկլավարների տեղադրած պայթուցիկների պայթյունի հետևանքով։

Վերջին ամիսներին «Մոսադը» խստացրել է իրանական միջուկային ծրագրի դեմ մղվող իր գաղտնի պատերազմը։ Օրինակ՝ ամռանը տեղի են ունցել մի շարք առեղծվածային պայթյուններ, որոնց հետևանքով փլուզվել է առնվազն երկու շինություն, որտեղ իրանական միջուկային ծրագրի հետ կապված հետազոտություններ էին անցկացվում ու արտադրական գործունեություն էր ծավալվում։

«Բացի այդ, ասում են, որ Իսրայելն է օգնել ԱՄՆ-ին հայտնաբերել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը հունվարին ամերիկյան անօդաչուով է սպանվել։ Իսկ օգոստոսի սկզբին «Մոսադի» գործակալները Թեհրանում սպանել են «Ալ Կաիդայի» առաջատար ակտիվիստներից մեկին», - գրում է պարբերականը։

Իրանում նոր գործակալներ ներդնելու համար «Մոսադը» հավաքագրում է ոչ միայն Իսրայել արտագաղթած իրանցիներին, այլև օգտվում է նաև տեղական գործակալների ծառայություններից։ Հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինի խոսքով՝ տեղացիների հավաքագրման գործընթացն առաջին հերթին հեշտացնում են քաղաքական պայմանները։ Նրա կարծիքով՝ այաթոլաների իշխանության գալուց հետո չորս տասնամյակ երկրում իրավիճակը չի բարելավվել, իսկ ընդդիմությունը միայն ամրապնդվել է։ Ավելին՝ բազմազգ պետությունում ապրում են նաև ազգային փոքրամասնություններ, օրինակ՝ քրդեր ու ադրբեջանցիներ, որոք ճնշվում են ռեժիմի կողմից, քանի որ պարսիկներ չեն։

Գերմանական մեկ այլ պարբերական՝ Der Spiegel-ը, գրում է, որ «Մոսադն» իր համարձակ գործողություններով արտերկրում աչքի է ընկել դեռ մինչ իրանական միջուկային ծրագրի ի հայտ գալը։ Այդ գործողություններից որոշներն անհաջող էին, օրինակ՝ 1973 թվականին Նորվեգիայում անմեղ մատուցողի սպանությունը, որին գործակալները շփոթել էին պաղեստինցի ահաբեկչի հետ, սակայն մեծ մասամբ «Մոսադի» գործողությունները հաջողությամբ էին ավարտվում։

Հաջողությամբ պսակված ամենավտանգավոր ու հայտնի գործողություններից մեկը Թեհրանի պահեստից Իրանի միջուկային ծրագրի ամբողջ արխիվի հափշտակումն էր, իսկ այդ փաստաթղթերում հիշատակվող ամենահայտնի անունը Մոհսեն Ֆախրիզադեի անունն էր։

«Երբ երկու տարի առաջ Նեթանյահուն առցանց հաղորդման ժամանակ հրապարակեց արխիվն Իսրայել բերելու մասին լուրը, նա մի արտահայտություն ասաց, որն այժմ հնչում է ինչպես սպանության հայտարարություն», - եզրափակում է Der Spiegel-ը՝ նկատի ունենալով Նեթանյահուի՝ «Հիշեք այս անունը. դոկտոր Մոհսեն Ֆախրիզադե» արտահայտությունը։

Թերթ․am

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ