12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն

12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն

By Հոկտեմբերի 30, 2020 106

Դեռևս սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Դատապարտյալները պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելու կրել իրենց պատիժը:

Երեկ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 28-ին դատարանը փոխել էր մարտական ուղի անցած 2 կալանավորված անձի խափանման միջոցները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առաջնագծում մասնակցել ռազմական գործողություններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր թվով 12 կալանավոր և 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ:

«Հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ 12 կալանավոր, որ խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով:

4 հոգի դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել՝ կրկին այդ նկատառումով: Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ ՔԿԾ հանրային կապերի վարչությունից 168.am-ին ասել էին, թե ներկայացված դիմումներին որևէ դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության մասին հատուկ իրավակարգավորում նախատեսված չէ:

«Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության մասին հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Ըստ այդմ, նրանց դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել»,- նշված էր օրեր առաջ մեզ ուղարկված ՔԿԾ հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանի պատասխանում:

 
Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020 18:57