Համառ մարտեր են ընթանում, ունենք լավ արդյունքներ, թշնամին տասնյակ դիակներ է թողել մարտի դաշտում

Համառ մարտեր են ընթանում, ունենք լավ արդյունքներ, թշնամին տասնյակ դիակներ է թողել մարտի դաշտում

By Հոկտեմբերի 24, 2020 174

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։

«Երեկ կրկին հրետակոծվել է Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը, այդ թվում՝ բազմաթիվ գյուղեր։ Համառ մարտեր են ընթանում մի շարք ուղղություններով։ Մենք ունենք լավ արդյունքներ, խոցվել է հակառակորդի բազմաթիվ տեխնիկական միջոցներ, թշնամին տասնյակ դիակներ է թողել մարտի դաշտում, որոշ հատվածներում մեր հարվածներն ուժգին են եղել, թշնամու կորուստները շատ շոշափելի են»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ևս Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշան։

«Ընդհանուր վիճակն այնպես է, ինչպես եղել է, ժողովուրդն արդեն այս ամենին սովորել է և այդպես էլ պետք է լինի՝ հերոսական երկրի, հերոսական մայրաքաղաքն է Ստեփանակերտն ու մնացած բնակավայրերը»,-նշեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների 27-րդ օրն է։ Այս ընթացքում թշնամին հրետակոծության է ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու տարբեր խաղաղ բնակավայրեր, որի ժամանակ զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Հիշեցնենք նաև, որ թշնամին հրետակոծության էր ենթարկել նաև Հայաստանի սահմանները, որի հետևանքով Վարդենիս քաղաքում զոհվել են խաղաղ բնակիչներ, վիրավորվել երեխաներ։

Rate this item
(0 votes)