Հայաստան, Քաղաքական, ԱՊՀ > «Վառիր Սորոսին, փրկիր երկիրը» ակցիան Թբիլիսիւմ

«Վառիր Սորոսին, փրկիր երկիրը» ակցիան Թբիլիսիւմ


28-02-2018, 10:55
«Վառիր Սորոսին, փրկիր երկիրը» ակցիան Թբիլիսիւմ

ՀԱՎԱՔԱԿԱՆ «ՍՈՐՈՍԻՑ» ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Այսպես կոչված «Վրացական երթի» մասնակիցները Վրաստանի «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակի մոտ այրեցին Ջորջ Սորոսի խրտվիլակը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Թբիլիսիում համաշխարհային մասշտաբի այդ խառնակչի խրտվիլակը կրակի բաժին է դառնում: Նման դեպք եղել էր եւ 13 տարի առաջ` հենց Սորոսի Վրաստան այցելելու ժամանակ, ու ոմանք անգամ վրաց խորհրդարանի ամբիոնից պահանջում էին պատասխանատվության ենթարկել ակցիայի մասնակիցներին:
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԴԱՌՆԱ՞

Այս անգամվա ակցիայի նախաձեռնողները հանդես էին գալիս «Փառք ժողովրդին, մահ թշնամուն» եւ «Վառիր Սորոսին, փրկիր երկիրը» կարգախոսներով ու «գունավոր» հեղաշրջումների գլխավոր տեխնոլոգի խրտվիլակի այրման արարողությունը համատեղել էին ինչպես Սորոսի հիմնադրամի տեղական բաժանմունքին, այնպես էլ վրաց իշխանություններին ուղղված պահանջով: Առաջիններից նրանք պահանջել էին հեռանալ Վրաստանից, իսկ իշխանություններից պահանջել են փակել Սորոսի հիմնադրամը Վրաստանում եւ արգելել բոլոր այն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք արտերկրյա ֆինանսավորում են ստանում: «Վրացական երթի» առաջնորդներից մեկը` սփյուռքի նախկին փոխնախարար Սանդրո Բրեգաձեն բացատրեց, որ իրենք օրինակ են վերցնում այնպիսի եվրոպական երկրներից, ինչպիսիք են Ավստրիան եւ Հունգարիան, հայտարարեց, որ սկսվում է ստորագրահավաք երկու պահանջներով, մեկը` վերականգնել անձնագրերում ազգության նշումը, երկրորդը` արգելել արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը: Ընդ որում, նա նշեց, որ դա նախնական, նախազգուշական ակցիա էր, իսկ հետագայում լինելու են ավելի մասշտաբային եւ մշտական ակցիաներ: Վրացիները իրենց մաշկի վրա են զգացել «գունավոր» հեղափոխությունների տեխնոլոգների գործունեության ամենածանր հետեւանքները, քանզի իրենց երկրում եղել է «գունավոր» հեղաշրջում: Մեր երկրում հեղաշրջումները չեն հաջողվել, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանդուրժելի համարել տարատեսակ 5-րդ շարասյուների գործունեությունը: Որովհետեւ նրանք էլ, անկախ նրանից, թե ֆինանսավորման աղբյուրը որ մի գերտերության մայրաքաղաքում է գտնվում, նախաձեռնում են ապակայունացնող գործողություններ, ինչպես նաեւ զբաղվում են մեր ազգային նկարագրին անհարիր իրավանորմերի լոբբինգով: Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է, քան սահմանադրական կարգի բռնի տապալման ուղղակի փորձը:
«Վառիր Սորոսին, փրկիր երկիրը» ակցիան Թբիլիսիւմ

Իսկ ինչո՞վ է մեզանում այժմ զբաղված կոլեկտիվ «Սորոսը»: Ամենաագրեսիվները, անշուշտ, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ճղճղաններին զորակցող ֆեմինիստական թիմն է: Նիստերի դահլիճ կոյուղաջուր բերելու միջադեպից փոքր-ինչ անց քաղաքապետարանի մատույցներում արագորեն ֆեմինիստական ցույցեր կազմակերպելը արդեն տեսել ենք: Տեսել ենք նաեւ ֆեմինիզմի դիրքերից «կանանց դեմ բռնության» պատրվակով սանձարձակ քարոզարշավը լրատվական դաշտում: Իսկ այժմ ունենք շուրջ 60 ստորագրությամբ բաց նամակ Երեւանի քույր-քաղաքների քաղաքապետներին, ուր նրանց առաջարկվում է. «Միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, եւ չի փոխվել Երեւանի ավագանու ներկայիս կազմը»: Նամակագիրները բողոքել են նաեւ մամուլից. «Որոշ լրատվամիջոցներ նույնպես շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ»:
Դե, լրագրողները զարմանալիորեն բոլորի աչքում են մեղավոր: Մի կողմից` քաղաքապետարանը փոխանակ կարգի բերի սեփական անվտանգության ծառայության աշխատանքները եւ սանձի Զարուհի Փոստանջյանի «ցոգոլներին», սահմանափակումներ է մտցրել լրագրողների համար` դրանով առիթ տալով բազում սորոսասին ՀԿ-ներին վայնասուն բարձրացնել, մյուս կողմից` ֆեմինիստական ամբողջ խառնամբոխը հարձակվել է բոլոր այն լրատվամիջոցների վրա, ովքեր համարձակվել են չզորակցել իրենց անհեթեթ պահանջներին: Եթե այդ տեսակի կառույցների հանդեպ բարեհոգությունը շարունակվի, ապա ժամանակի ընթացքում նրանք բոլորի վզին կփաթաթեն ֆեմինիզմ-գենդերիզմի գաղափարախոսությունը` որպես պարտադրանք, եւ դրա համեմատ անգամ մարքսիզմ-լենինիզմը մանկական թոթովանք կթվա: Բայց ոչ պակաս վտանգավոր են եւ օտար պետությունների ուղղակի առաջադրանքը կատարողները եւ դրանց շահերը սպասարկողները: Եվ սահմանադրական անցումը ապրիլ-մայիսին ավարտելուց հետո արդեն շատ հրատապ է դառնում բազմաձայն «կոլեկտիվ Սորոսին» արմատախիլ անելու խնդիրը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Ընդամենը հինգ տարի առաջ առավել քան կես միլիոն քվե հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է ողբալի վիճակում: «Ժառանգություն» կուսակցությունը, նիստ հրավիրելով Արցախյան շարժման 30-ամյակի առնչությամբ, երեւի թե մտավախություն է ունեցել, որ նորից հավաքվելը դժվար կլինի, նաեւ կազմակերպական հարցերով զբաղվեց: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը, փոխնախագահ` Սուսաննա Մուրադյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար էլ ստեղծվեց պարապ գործերի պաշտոնը` քաղաքական խորհրդի պատասխանատու: Բայց, խոշոր հաշվով, խուճուճ եւ անհասկանալի անունով պաշտոնը նրան լավ էլ սազում է, քանզի լրիվ համահունչ է նրա կազմած ուղերձի տեքստին, որը խուճուճ լիրիկական զեղումների մի կույտ է` զրոյական քաղաքական մտքով: Ու այդպիսով կարելի է արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պաշտոնական մակարդակով լքեց քաղաքական ասպարեզը: Հիրավի, նրա օրինակով կարելի է գիրք գրել, թե ինչպես է հնարավոր հսկայական քաղաքական կապիտալը դարձնել զրո` ռեկորդային սեղմ ժամկետում: Արցախյան շարժման 30-ամյանը ի ցույց հանեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի` ՀԱԿ-ի, բացարձակ սնանկությունը, եւ այդ պատճառով նրանք բավարարվեցին թանգարանա-պատմաբանական գործունեությամբ, որոնց չէր մասնակցում ծերուկը: Իսկ Արթուր Բաղդասարյանի կուսակցության ոդիսականը, բառիս բուն իմաստով, կարելի է համեմատել հայտնի հեքիաթի սյուժեի հետ, ուր կատարվում է վերադարձ կոտրած տաշտակին: Տվյալ պարագայում կոտրած տաշտակը քաղաքական եւ անվանական` 15-րդ համագումարով վերականգնվեց նրա կուսակցության «Օրինաց երկիր» անվանումը: Ընդ որում, բավականին վատ նախանշան երեւաց` համագումարի սկզբին այդպես էլ չկարողացան միացնել օրհներգի ձայնագրությունը: Սակայն հանգիստ թողնենք քաղաքական լուսանցքում հայտնվածներին, քանզի նրանց շանսերը` դուրս պրծնել այդտեղից, զրոյական են: Առավել կարեւոր է, թե ինչ վարքագիծ է դրսեւորում ընտրված ներկայացուցիչներ ունեցող ընդդիմությունը` «Երկիր ծիրանին» եւ «Ելքը»: Զարուհի Փոստանջյանի պարագայում տեսնում ենք սերտաճում «կոլեկտիվ Սորոսի» ֆեմինիստական հատվածի հետ: Իսկ «Ելքի» պարագայում` բավականին տարօրինակ դրսեւորումներ: Իրար հետեւից դատարկ նախաձեռնություններ, որոնք որպես քաղաքական ակցիա էլ բանի պիտանի չեն: Սկզբում ՀՀ նախագահի սեփական թեկնածու առաջադրելու փորձ, որին պատգամավորական ստորագրությունները չհերիքեցին: Հաջորդը` ՍԴ դիմելու նախաձեռնություն, որպեսզի 4-րդ նախագահի ընտրությունը ԱԺ-ի կողմից ճանաչվի հակասահմանադրական եւ անցկացվեն համաժողովրդական ընտրություններ: Կրկին նույն խնդիրը` պատգամավորական ստորագրությունների պակաս: Եվ երրորդ ակցիայի նախապատրաստում` վարչապետի սեփական թեկնածուի առաջադրում, որը նախորդ երկուսների պես կրկին ձախողակ է:

Ու դրան հիմա ավելացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը` «գործուղվել» Ազատության հրապարակ, գումարած նաեւ ամպագոռգոռ հայտարարությունները, թե թույլ չեն տալու Սերժ Սարգսյանին ընտրվել վարչապետ: Այսինքն` «Ելքը» ոտնակոխ արեց «իշխանափոխական» այն տրորված արահետը, որը, ինչպես ցույց է տալիս ընդդիմադիր ամբողջ պատմությունը, տանում է ոչ մի տեղ: Եվ «Ելքում» էլ, կարծես թե, չեն հասկանում, որ ծովի աղի լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէ ամբողջ ծովը խմել: Եթե հետեւենք «Ելքին» սպասարկող քարոզչական ռեսուրսներին, ապա կտեսնենք, որ այդտեղ խոսվում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը ապալեգիտիմացնելու ցանկության մասին: Սակայն 2017-ի ԱԺ ընտրությունները չհաջողվեց ապալեգիտիմացնել մեր երկրի «կոլեկտիվ Սորոսին», ու այն ժամանակ նույն «Ելքը» խորհրդարանի լեգիտիմության մասին հրապարակային ելույթներ ունեցել էր: Բայց եթե խորհրդարանը լեգիտիմ է ճանաչվում բոլորի կողմից, ապա ինքնաբերաբար լեգիտիմ են խորհրդարանի մեծամասնության կողմից ընտրված իշխանության մարմիններն ու պաշտոնատար անձինք: Եվ որոշ փորձագետներ զգուշացնում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի բուռն հանրահավաքային պայքար ծավալել, ապա որեւէ ռեալ արդյունքի չհասնելով հանդերձ, հենց «Ելքը» քաղաքական կորուստներ կկրի: Քանզի արդյունքում ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը ապալեգիտիմացման կենթարկվի, այլ` «Ելքի» խորհրդարանական գործունեությունը: Որովհետեւ խորհրդարանական ընդդմության գործը հենց օրենսդիր ոլորտում գործունեություն ծավալելն է` օրենքների տեքստերում թեկուզ փոքր, բայց անհրաժեշտ փոփոխությունների հասնելու նպատակով, որոշակի ծրագրի շրջանակներում: Փողոցային գործողությունները կարող են լինել ընդամենը օժանդակ, այլ ոչ թե հիմնական, իսկ ԱԺ ամբիոնը Ազատության հրապարակի հարթակով փոխարինողը արդեն դառնում է փողոցային, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմություն:

Ինչեւէ, եթե այդ ամենը ոչ թե քաղաքական առեւտրի մասն է, այլ «Ելքը» լրջորեն որոշի այդ ուղեգիծն ընտրել, ապա ԱԺ միակ ընդդիմությունը կմնա Ծառուկյան դաշինքը, որը դեռ չի էլ հասցրել հարմարվել ընդդիմադիր կարգավիճակին: Իսկ սահմանադրական անցումը թեեւ քննարկումներով, տեղեկատվական պատերազմներով ու խառնակչության փորձերով լեցուն է լինելու, այնուամենայնիվ, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ե՛ւ նախագահի, ե՛ւ բարձրագույն դատական խորհրդի, ե՛ւ վարչապետի ընտրությունը: Ու ապագա քաղաքական զարգացումների սաղմերը փետք է փնտրել արդեն նոր դերաբաշխումներով ու լիազորություններով իշխանական թիմի ներսում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ Hayacq.com
Վերադառնալ նախորդ էջ