Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Աշխարհի արժույթներն ընդդեմ դոլարի․ տնտեսության վիճակը կշարունակի վատանալ

Բաժին: Տնտեսություն
Աշխարհի արժույթներն ընդդեմ դոլարի․ տնտեսության վիճակը կշարունակի վատանալ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, այսօր դոլարի և եվրոյի փոխարժեքների կտրուկ տատանումն անորոշություն է առաջացրել հասարակության շրջանում: Այս պայմաններում, ի՞նչ հնարավոր լուծումներ ու իրավիճակի զարգացման սցենարներ եք տեսնում, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ երկրի տնտեսության վրա:

-Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և այն, ինչ կատարվում է մեր գործընկեր պետությունների տնտեսության մեջ, համարժեք պատասխան է պահանջում նաև մեր Կենտրոնական բանկից, մեր իշխանություններից, հետևաբար այն փոխարժեքային տատանումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, Ղազախստանում, դրան համահունչ պետք է արձագանքի նաև մեր Կենտրոնական բանկը: Եթե այդ գործընթացներն ուշացնում կամ դանդաղեցնում են, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում հասարակությանն ինչ-որ առումով իրազեկելու, որովհետև ոչ բոլորն են հասկանում տնտեսությունն ինչպես է զարգանում, փոխանակման կուրսերն ինչպես են ձևավորվում: Պարզապես մարդիկ ուսումնասիրելով, նաև լսելով այս կամ այն փորձագետների գնահատականները, հասկանում են, թե ինչ է լինելու: Ես ինքս 2 օր առաջ ասուլիսում այս իրավիճակը կանխատեսեցի: Այսօր երբ մենք նայում ենք, թե ինչպիսին են փոխարժեքները Ռուսաստանում, տեսնում ենք, որ օրինակ` եվրոյի փոխարժեքը մոտենում է 83 ռուբլու, իսկ դոլարը կազմում է արդեն 71,2 ռուբլի: Այսինքն՝ այս երկու արժույթները 10 ռուբլով արժևորվել են ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը՝ պետք է հիշել, որ մենք Ռուսաստանից ստանում են ռուբլով տրանսֆերտներ, որոնք ՀՀ տնտեսություն են մտնում արժեզրկված: Երբ ես տարվա սկզբին ասում էի, որ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի շրջանակներում Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կրճատվելու են, ինձ չէին հավատում: Հիմա այդ ցուցանիշների ապացույցները մենք տեսնում ենք այս իրադարձություններում: Աշխարհը հիմա, կարելի է ասել, զարգանում է երկու ուղղությամբ. մի կողմում կանգնած է դոլարը, որի կողքին է նաև ֆունտ սթերլինգը, իսկ մյուս բոլոր արժույթները հայտնվել են, կարելի է ասել, դոլարի թշնամական կարգավիճակում: Դոլարն ու ֆունտը արժևորվում են, իսկ զարգացող երկրների արժույթները գրեթե բոլորն արժեզրկվում են:

-Ինչո՞ւ է այդ դեպքում տեղի ունենում նաև եվրոյի կտրուկ արժևորում:

-Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) միջամտությունները չի դադարեցրել և ամսական մոտ 60 մլրդ եվրո է նետում շրջանառության մեջ, սակայն Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս ազդեցություն են թողնում եվրոյի փոխարժեքի վրա: Այն, որ ռուսական տնտեսությունը հիմա հայտնվել է լուրջ խնդիրների առջև, մարդիկ ավելի վստահելի արժույթներ սկսում են համարել դոլարն ու եվրոն, հետևաբար նրանց նկատմամբ պահանջարկը մեծացել է, և դա հանգեցրել է այդ արժույթների արժևորման, չնայած Եվրոպական կենտրոնական բանկը տանում է հակառակ քաղաքականությունը, և արժեզրկելու նպատակ ունի: Այսինքն՝ տարվա կեսին ԵԿԲ-ի ցանկություններից մեկն այն է, որ մեկ եվրոն հավասարվի մեկ դոլարին: Մի պահ դոլարի և եվրոյի փոխարժեքները բավական մոտեցել էին, բայց հիմա այդ տարբերությունը զգալիորեն մեծացավ: Այսինքն` եթե նախկինում դոլարի և եվրոյի փոխարժեքների տարբերությունը մոտ 35-40 դրամ էր, ապա հիմա այն կրկնակի ավելի է: Սա որոշակի առումով կանցնի, բայց պետք է նշել, որ մեր ԿԲ-ն ցածր պահելով արժույթը, նաև իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարողացել է բանկերին տալ համապատասխան քանակությամբ դրամ, և վերջիններս կուտակել են նաև որոշակի դոլարային պահուստներ: Այսինքն` կարելի է ասել, որ նրանք նախապատրաստվել էին այս իրադարձություններին: Ինչ վերաբերում է ԿԲ-ի միջազգային պահուստներին, դրանք հուլիսի դրությամբ կազմել են 1,702 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ փետրվարին`1,260 մլրդ ԱՄՆ դոլար: Սա այն անվտանգության բարձիկն է, որի վրա ԿԲ-ն հիմնվելով կարողանալու է այս ժամանակահատվածում այս տատանումը պահել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: