Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումն ադրբեջանական իշխանությունների համար ցանկալի արդյունք չտվեց

Բաժին: Քաղաքական
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի դիտարկմամբ՝ Բաքվում սեփական հեղինակության բարձրացման նպատակով Եվրոպական խաղերի անցկացման վրա ծախսված 8-10 մլրդ ԱՄՆ դոլար գումարն ադրբեջանական իշխանություններին չտվեց ցանկալի արդյունք: «Եվրոպական զանգվածային լրատվամիջոցները քննադատում էին ադրբեջանական իշխանություններին, քանի որ նույնիսկ Եվրոպական խաղերի օրերին նրանք չէին դադարում բռնաճնշումներ իրականացնել իրենց վարչակարգի այլախոհների նկատմամբ, ինչն օլիմպիական ոգուն հարիր չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նա' հավելելով, որ հետևելով սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներին' ինքն արձանագրել է, որ նրանք հիմնականում դժգոհ էին Եվրոպական խաղերի անցկացման գաղափարից, քանի որ կարծում են, որ այդ ահռելի գումարները կարող էին ուղղվել երկրում կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նա նշեց, որ ադրբեջանական իշխանությունները խտրականություն էին ցուցաբերում նաև արտասահմանյան ԶԼՄ-ների նկատմամբ: «Եվրոպական խաղերի կազմակերպիչները բրիտանական հռչակավոր The Guardian-ին չէին հավատարմագրել խաղերը լուսաբանելու համար այն պատճառով, որ պարբերականը քննադատում էր ադրբեջանական իշխանություններին: Բացի այդ, Ադրբեջանում գտնվող արտասահմանյան ԶԼՄ-ների լրագրողները հայտնում էին, որ իրենց վրա որոշակի ճնշում էր գործադրվում կազմակերպիչների կողմից' Եվրոպական խաղերի կազմակերպչական և այլ խնդիրներ չլուսաբանելու համար, իսկ հակառակ պարագայում սպառնում էին զրկել հավատարմագրումից»,- նկատեց Սարգիս Ասատրյանը:

Համաշխարհային մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին' սեփական հեղինակության մեծացման նպատակով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման վրա 10 մլրդ դոլար ծախսելու համար՝ այն դեպքում, երբ այն կարող էր օգտագործվել երկրի բնակչության ցածր կենսամակարդակը բարձրացնելու վրա:

Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ Իլհամ Ալիևի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին երկրում մարդու իրավունքների խախտման, այդ թվում' իրենց քննադատողների ձերբակալության մեջ:

Աղբյուրը՝ lurer.com