Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


ՀՀԿ վերնախավում քննարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը 1 տարով հետաձգելու հարցը

Բաժին: Հայաստան
 ՀՀԿ վերնախավում քննարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը 1 տարով հետաձգելու հարցըՀայկական ժամանակ թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են և վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։

Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, և դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում։

Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով»։

Նշենք, որ իշխանական վերնախավում արդեն իսկ պատկերացում ունեն, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության շրջանում կուտակային այս համակարգի նկատմամբ։ Վերջերս անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին։ Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել և տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը։

Մասնավորապես, իշխանությունն արդեն իսկ ծրագրել է այդ գումարների մի մասը պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով դարձնել ցածր տոկոսով ներքին պետական պարտք և ծախսել տարբեր պոպուրիստական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը ուղղել մասնավոր բանկերի ֆինանսական ռեսուրսների համալրմանը՝ այստեղից բխող նեղ անձնական շահագրգռվածություններով։ Թե վերոնշյալ այս երկու գործոններից որն ավելի հզոր կթվա իշխանություններին, կերևա առաջիկայում», գրում է թերթը։

Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/95542#sthash.e59NsJ3Z.dpuf