Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բելառուսական արդարադատությունն ընդդեմ ԲՀԿ-ական նախկին փոխնախարարի

Բաժին: Քաղաքական
«Առաջին լրատվական»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ տրակտորներ արտադրող բելառուսական «Բոբռուսկի» գործարանը դատի էր տվել Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս սահմանված ժամկետում այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
Ըստ բելառուսական կողմի՝ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Բելառուս-311 մակնիշի 9 տրակտոր մատակարարել իր՝ «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերության համար՝ 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։
Բելառուսական գործարանը, «Հայաստանի կառավարության հանդեպ մեծ վստահությունից ելնելով», մայիսին պայմանագիր է կնքել, և հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան՝ պայմանով որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ, և արդեն տևական ժամանակ նախկին փոխնախարարի «գործը» բելառուսական դատարանում է:
«Առաջին լրատվական»-ը Վարդան Կարապետյանից փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է կարծում իր դեմ հարուցված գործի մասին և ինչո՞ւ այդպես էլ չվճարեց պայմանագրով սահմանված գումարը:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Կարապետյանն ասաց․ «Իրենց հարցրեք՝ կպատասխանեն, ես պատասխան չունեմ ընդհանրապես։ Ես ասում եմ՝ ավարտվել ա էդ գործը»:
Կարապետյանից փորձեցինք ճշտել, որ եթե իր պնդմամբ՝ ավարտվել է, ապա ի՞նչ վճիռ է կայացվել․ «Իրանց հարցրեք՝ կասեն, էդքան ինֆորմացիա ունեն, դա էլ կունենան»:
Ինձ ընդհանրապես չի վերաբերվում՝ հիմնարկին է վերաբերվում, այնպես որ ինձ չի հետաքրքում, հիմնարկից էին պահանջում, ոչ թե ինձնից․․․ Ես պատասխանեցի, հարցեր ունեք դիմեք իրանց, կպատասխանեն, ես տեղյակ չեմ»։
Մինչդեռ գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ դատական գործը մինչև հիմա չի ավարտվել, իսկ թե վճիռը երբ կհրապարակվի, տեղեկություն չունեին:
Մեզ ասացին նաև, որ Վարդան Կարապետյանը դատական ոչ մի նիստի չի ներկայացել, նրա շահերը պաշտպանել է փաստաբանը:
Աղբյուրը՝ www.1in.am