Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ներսես Երիցյանը պատասխանում է Գ. Հարությունյանի հարցերին. ՍԴ-ում մեկնարկեց դատավարությունը

Բաժին: Քաղաքական
Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ երկրորդ դատական նիստը: ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը իր մեկնարկային խոսքում ընդգծեց, որ դատավարությունն այս պահին նյութերի հետազոտման այն փուլում է, երբ որոշ հարցերի վերաբերյալ բացատրություններ պետք է տա այս գործընթացի երրորդ կողմը` այսինքն հրավիրյալները:
Դատական նիստի գործընթացում որոշակի լրացուցիչ փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջին դատական նիստի ընթացքում Գ. Հարությունյանը հայտարարեց, որ ԿԲ ներկայացուցիչ Մհեր Աբրահամյանը երկրում չէ, սակայն այսօր նա ևս մասնակցում է դատական նիստին և պատասխանելու է ՍԴ ներկայացուցիչների հարցերին: Գագիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրությամբ Սմբատ Սաիրյանին փոխարինելու է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը:
Գագիկ Հարությունյանի առաջին հարցը վերաբերում էր ֆոնդերի ընտրությանը: Դատավորը, հարցը ձևակերպելով, ընդգծեց, որ հունվարի մեկի դրությամբ 155 մարդ է կատարել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն: Այս թիվը, բնականաբար, 250 հազարի համեմատությամբ չնչին է այն դեպքում, երբ հավանաբար միայն Կենտրոնական բանկի և կառավարման այլ ինստիտուտներում 1974 թվականից հետո ծնվածների թիվը շատ անգամ ավելի մեծ է, քան այս թիվը: Դուք ինչո՞վ եք դա պայմանավորում:
Ներսես Երիցյանը պատասխանեց այս հարցին՝ առաջին հերթին հղում կատարելով միջազգային փորձին ընդգծեց, որ այդ բոլոր երկրներում, որպես կանոն, սկզբնական շրջանում ֆոնդերի ընտրությունը սովորաբար դժվարությամբ են կատարում, և բոլոր երկրներն էլ այս համակարգը ներդնելիս բախվում են նմանատիպ խնդիրների: Դատավոր Հարությունյանը հարց ուղղեց նաև միջազգային փորձի վերաբերյալ, թե դատարանն ուսումնասիրել է 50 երկրների փորձը, այնտեղ կոնկրետ վիճակը գնահատել և կատարել են փոփոխություններ` դա մեզ ի՞նչ է հուշում:
Այս հարցին ի պատասխան պարոն Երիցյանը նախ նշեց, որ Հայաստանի դեպքում Էստոնիայի օրինակն է հիմքն ընդունվել, սակայն Հարությունյանը միջամտելով՝ ընդգծեց, որ պետք չէ հարցը բարդացնել և անցնել բացատրությունների, պետք է ուղղակի պատասխանել պարզ հարցին՝ առանց մանրամասնությունների: Ներսես Երիցյանին Գ. Հարությունյանը հարց ուղղեց նաև առ այն, թե ինչու մեզ մոտ գործատուն պետք է այս ոլորտից դուրս մղվի. «Արդյոք այս առնչությամբ ո՞րն է ԿԲ-ի մոտեցումը»: Սակայն Ներսես Երիցյանը չպատասխանեց այս հարցին՝ նշելով, որ հարցին առավել հանգամանալից պատասխան կտա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Աղբյուրը՝ www.galatv.am