Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Microsoft-ը ծրագրում է վերծանել մարդու իմունային համակարգը

Բաժին: Կյանք և առաղջություն
Microsoft-ը ծրագրում է վերծանել մարդու իմունային համակարգը
Microsoft-ն իր բլոգում հայտարարել է ամերիկյան Adaptive Biotechnologies սթարթափի հետ համագործակցություն սկսելու մասին, որը զբաղվում է գենոմի սեքվենիրացմամբ եւ բիոտեղեկատվությամբ: Ընկերությունները համատեղ կաշխատեն մարդու իմունային համակարգի մանրամասն քարտեզի ստեղծման վրա:

«Իմունային համակարգի վիճակը հայտնում է մարդու առողջության վրա ներգործող գործնականում բոլոր գործոնների մասին: Սա կարող է գիտական ֆանտաստիկա թվալ, բայց ի՞նչ կլինի, եթե մենք այս բոլոր տվյալները հաշվենք»,- նշել է Microsoft-ի բլոգի հեղինակ ու հետազոտությունների եւ արհեստական ինտելեկտի բաժնի փոխնախագահ Պիտեր Լին:

Ընկերությունների փորձագետները արդեն սկսել են տեխնոլոգիայի մշակումը, որը կօգնի վերծանել մարդու իմունային համակարգը: Այս նպատակով Microsoft-ը եւ Adaptive-ը ծրագրում են կիրառել գենոմի սեքվենիրացում եւ մեքենայական ուսուցում: Հիվանդից արյան անալիզ կվերցնեն, ապա կանցկացնեն «իմունասեքվենիրացում»: Կհետազոտվի իմունային յուրաքանչյուր բջիջ, որը պոտենցիալ ախտորոշիչ տեղեկատվություն է պարունակում:

Այնուհետեւ տեղեկություններն ալգորիթմով կանցկացնեն, որը կորոշի մարդու օրգանիզմում տրիլիոնավոր T բջիջների եւ դրանց հետ կապված հիվանդությունների միջեւ կապը: Ստացված «քարտեզը» կփոխանցեն գիտնականներին եւ բժիշկներին:

Microsoft-ի եւ Adaptive-ի գլխավոր նպատակն է դառնալու արյան ունիվերսալ անալիզի ստեղծումը, որը կօգնի վաղ փուլերում հայտնաբերել բոլոր պաթոլոգիաները, այդ թվում՝ աուտոիմունային հիվանդությունները, քաղցկեղը եւ տարբեր ինֆեկցիաները: Թեստը ոչ միայն հիվանդություններն է ախտորոշում, այլ նաեւ օգնում է իմանալ, թե մարդու օրգանիզմն ինչպես է արձագանքում ախտածիններին եւ դեղորայքին:

Իմունային համակարգի «ռենտգենը» ոչ միայն ցույց կտա, թե օրգանիզմն ինչ հիվանդությունների դեմ է պայքարում, այլեւ անցյալում ինչ հիվանդությունների դեմ է պայքարել. այս բոլոր տվյալները «գրանցված» են իմունային բջիջներում: Ընկերությունները հույս ունեն, որ նման մոտեցումը կօգնի ավելի լավ հասկանալ, թե մարդու առողջությունն ինչից է կախված, ինչպես նաեւ թույլ կտա բուժումն ընտրել մեծագույն ճշգրտությամբ:

Նյութի աղբյուրը՝ med.news.am