Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Քնի պակասն ինչո՞ւ է մարդկանց վրա տարբեր կերպ ազդում

Բաժին: Կյանք և առաղջություն
Քնի պակասն ինչո՞ւ է մարդկանց վրա տարբեր կերպ ազդում
Քնի պակասը մեծացնում է հիպերտոնիայի, ճարպակալման, դիաբետի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը, դրանից բացի՝ լիարժեք չքնած մարդիկ հաճախ են հայտնվում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ: Այն բացասաբար է անդրադառնում նաեւ կոգնիտիվ ոլորտի վրա: Սակայն քնի պակասից ոչ բոլոր մարդկանց կոգնիտիվ ֆունկցիաներն են տուժում: Ամենայն հավանականությամբ, պատճառը գեների մեջ է, կարծում են Վաշինգթոնի համալսարանի գիտնականները:
Նրանց իրականացրած փորձին 49 առողջ կամավոր է մասնակցել: Մասնակիցների միջին տարիքը 27 տարեկանն էր: Փորձի ընթացքում 34 կամավոր 38 ժամ չի քնել, մյուսները քնել են այնքան, որքան սովորաբար: Փորձի սկզբում եւ վերջում մասնակիցները համակարգչով թեստ են անցել, որով ստուգվել է անհրաժեշտ խթաններին ընտրողական ուշադրություն հատկացնելու նրանց ունակությունը: Թեստի միջնամասում կամավորները պետք է այլ բանով զբաղվեին:
Մասնագետները նաեւ մասնակիցների գեներն են հետազոտել: Դրանից հետո քնի պակաս ունեցող մասնակիցներին 3 խմբի են բաժանել (կախված DRD2 գենի տարբերակից): Այս գենը ծածկագրում է դոֆամինային D2 ռեցեպտորը, որը կարգավորում է ուղեղի կոգնիտիվ ճկունության հետ կապված հատվածում տեղեկությունների մշակումը:
Հետազոտողները նկատել են, որ այլ զբաղմունքի անցնելը փորձնական խմբի մասնակիցներին շեղել է, եւ նրանք սկսել են թեստը վատ հաղթահարել: Սակայն DRD2 գենում որոշակի փոփոխություններով կամավորները խնդիրն ավելի վատ չեն կատարել ստուգիչ խմբի մասնակիցներից: Այսպիսով, այս գենետիկ տարբերակը կանխել է խնդիրը, որը կարող էր առաջանալ քնի պակասի պատճառով:

Նյութի աղբյուրը՝ med.news.am