Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Nokia -ն Microsoft-ի հետ գործարքը կփակի ապրիլին

Բաժին: Տնտեսություն
Ֆիննական Nokia-ն այսօր հայտարարել է, որ ընկերության բջջային ստորաբաժանումն ամերիկյան Microsoft կորպորացիային վաճառելու գործարքը կփակվի այս տարվա ապրիլին: Գործարքի արժեքը կազմել է 5.4 մլրդ եվրո (7.5 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ավելի վաղ ֆիննական ընկերությունը հայտնել էր, որ գործարքը կփակվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակին: Nokia-ում հայտարարել են, որ գործարքը որոշ ասիական հակամենաշնորհային մարմինների կողմից դեռևս հավանության արժանանալու կարիք ունի, քանի որ դեռ չի ավարտվել գործի ուսումնասիրությունը:
Nokia-ում ընդգծել են, որ Հնդկաստանում հարկերի չվճարման շուրջ քաշքշուկը որևէ կերպ չի առնչվում Microsoft-ի հետ գործարքին, նշանակում է՝ չի կարող դրա փակման համար խոչընդոտ դառնալ:
Nokia-ն 4-րդ եռամսյակն ավարտել է 25 մլն եվրո կորստով՝ մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատ 193 մլն եվրո մաքուր շահույթի դիմաց: Եկամուտը մեկ տարում ընկել է 21 տոկոսով՝ կազմելով 3.48 մլրդ եվրո:
Չորրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 8.8 մլն սմարթֆոն, այդ թվում 8.2 միլիոնը՝ Lumia շարքից: Տարեկան արտահայտմամբ՝ իրացումն ավելացել է 86 տոկոսով, իսկ եռամսյակային արտահայտմամբ՝ գրեթե անփոփոխ մնացել: Nokia-ն այդ ամենի մեղավոր է համարում բջջային ոլորտում առկա սուր մրցակցությունը:

Աղբյուրը՝ http://www.analitik.am/news/view/nokia-%D5%B6-microsoft-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D6%84%D5%A8-%D5%AF%D6%83%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B6.html