Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


570 մլն դրամի արտահանման պատվերներ. ՀՀ սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին

Բաժին: Տնտեսություն
570 մլն դրամի արտահանման պատվերներ. ՀՀ սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին
Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով Հայաստանը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։
Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային եւ աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Նաեւ՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։
Արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու համար հիմնադրամն ընկերություններին աջակցում է արտահանման խթանման ու արտադրանքի ճանաչելիության բարձրացման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։ Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։
«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջեւ մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։ Այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների։
«WorldFood Moscow 2017»-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ՝ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Նյութի աղբյուրը՝ news.am