Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ավանում «Համերի» մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պատճառ դարձած կասկածյալը փրկարար է. նա ձերբակալվել է

Բաժին: ---

Ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լեւոն Հ.-ն, ով սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր մեղավորն է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահների օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լեւոն Հ.-ին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն: Նա խոստովանել է, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել եւ խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետեւանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով, հայտնաբերվել է նաեւ տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լեւոն Հ.-ն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։
Լեւոն Հ.-ն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի եւ Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 11 տարեկան մի աղջիկ տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի Սուրիկի թոռն է։
Ավելի ուշ հայտնի է դարձել դաժան ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած երեխայի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Պարզվել էր՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել էր 36-ամյա Կարեն Մ.-ն, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել էր 23-ամյա Արթուր Հ.-ն. իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 40-ամյա Արմեն Ա.-ն:
Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր՝ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղեւորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Ս.-ն, 31-ամյա Ասյա Մ.-ն, եւ Opel-ի վարորդ Կարեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նյութի աղբյուրը՝ news.am