Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Դ!ԵՄ ԵՄ». Հույսներդ կտրեք, Մայդան չի լինելու video

Բաժին: ---
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հրավիրած հավաք–երթին վաղը հարթակից ելույթ են ունենալու նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Ժիրայր Սեֆիլյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեցին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նրանք նաև տեղեկացրին, որ հավաքի ընթացքում քաղաքական չորս ուժերից մեկական ներկայացուցիչ է ելույթ ունենալու։ Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նաև նշեց, որ հանրային դեմք է ելույթ ունենալու`հավանաբար դերասան Աշոտ Ադամյանը: Խոսելով վաղը՝ մարտի 22-ի`հանրահավաքի մասին, Դավիթ Մանուկյանը նշեց,որ դա կլինի միջոցառում, որտեղ ի ցույց կդրվի հասարակության մաքսիմալ կոնսոլիդացիան: Նա նաև նշեց,որ եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, ապա դա կնշանակի, որ սպառվել են ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհները։ «Մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Հնարավոր է, որ բոլորս մեր գումարները կանխիկացնենք բանկերից»,–նշեց Դավիթ Մանուկյանը։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրված հավաքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մի անձնավորություն է, որը մարմնավորում է պայքարի մարտիկին, բացի այդ նա այս շարժման ընթացքում մեզ աջակցել է, ինչով կարողացել է։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա բոլորս գիտենք, որ նա շատ լավ հռետոր է,և նույնպես օրենքի վերաբերյալ ասելիք ունի»։ Դավիթ Մանուկյանը չի համարում,որ այդ կերպ հարցը քաղաքականցվում է: Նախաձեռնության անդամների խոսքով իրենց համար կարևորն այն է, որ հարթակից հնչեն տարբեր մարդկանց կարծիքներ` նույն մտահոգիչ հարցի շուրջ։ «Դ!ԵՄ ԵՄ»-ը իշխանության չի ուզում գալ,անկախ նրանից,թե ով կգա իշխանության,մենք ուզում ենք,որ նրանք հասարակությանը պատասխանատու լինեն»,-նշեց Դավիթ Մանուկյանը: Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով վարչապետի կողմից համագործակցության առաջարկին, ասաց, թե իրենք չեն պատրաստվում այս ընթացքում զիջումների գնալ, ընդգծելով. «Եթե անգամ դա փայլուն օրենք է, բայց հանրության կողմից չի ընդունվում, ուրեմն հաջողությամբ չի պսակվի»։ Վերջում Դավիթ Մանուկյանը նկատեց,որ վաղը Մայդան չի լինելու: «Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «մայդան» են սպասում, պետք է հիասթափվեն»,–ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, թե «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «մայդանի» ճանապարհով չեն էլ ուզում գնալ։


Աղբյուրը՝ http://fnews.am/2014/03/21/%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4-%D5%AF%D5%BF%D6%80%D5%A5%D6%84-%D5%B4%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%AC%D5%AB/