Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ասուլիս՝ Մոսկվայից մինչև «մասնավոր տարածք»

Բաժին: Հայաստան
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ կառավարության հրաժարականը կիսամիջոց է, իսկ իրենք ամբողջական հրաժարական են պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հույս է հայտնել, որ ոչիշխանական քառյակի առաջնորդները կհանդիպեն և կքննարկեն բոլոր հարցերը: Միևնույն ժամանակ, սակայն, նա հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի հրաժարվում քառյակից: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ապահովագրում է, կամ, այլ կերպ ասած, տեղեկացնում քառյակին, որ եթե ինչ-որ պահից գնա «աղոթելու», ապա իրեն չմեղադրեն, քանի որ ի սկզբանե ասում է, որ կառավարության հրաժարականով ոչինչ չի լուծվի:

Բանն այն է, սակայն, որ լուծում՝ որպես այդպիսին, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում: Ասել, որ պետք է կոնսոլիդացիա ամբողջական իշխանափոխության շուրջ՝ նշանակում է ոչինչ չասել: Է, պետք է, հետո՞: Պետքի մասին բոլորն են խոսում, հետո ամեն մեկն իր պետքերով գնում է իր ճանապարհով:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի նախագահական ընտրություններում ստացավ ավելի քան 500 հազար ձայն, որը, ըստ էության, աննախադեպ ցուցանիշ էր Հայաստանի նախագահական ընտրությունների պատմության մեջ: Ընդ որում՝ այդ ձայները նա ստացավ ըստ էության ոչինչ չանելով, ընդամենը բարևելով մարդկանց, ինչը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացիները քաղաքական ուժերից գերազանցապես մի ակնկալիք ունեն՝ ընդամենը անմիջական շփում, հաղորդակցություն, որ քաղաքական ուժերը և առաջնորդները սերտորեն, հավասարը հավասարի հետ, անմիջական կապի մեջ մտնեն հասարակության, շարքային մարդկանց հետ: Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց «Բարևի հեղափոխությունը»: Սակայն, ամենայն հավանականությամբ նա ինքը չհասկացավ իր հեղափոխության բուն էությունը, այսպես ասած՝ մեխը այդ հեղափոխության: Այդ հեղափոխության մեխը հենց բարևն էր, այսինքն՝ անմիջականությունը՝ քաղաքական ուժի, առաջնորդի և շարքային քաղաքացու, որը պետք է տար աննախադեպ էֆեկտ, քանի որ արդեն տվել էր նախագահական ընտրությունների ընթացքում:

Ինչի համար ենք հիշեցնում այս ամենը, առավել ևս, որ քչերը երևի թե մոռացած կլինեն: Բանն այն է, որ այսօր ոչիշխանական քառյակ կոչված քաղաքական ձևաչափը, ըստ էության, «Բարևի հեղափոխության» հակապատկերն է, բովանդակային հակապատկերը, որովհետև բացարձակապես հաղորդակից չէ շարքային քաղաքացուն, այսպես կոչված խորհրդապահական բնույթի մի բան է, որտեղ տեղի են ունենում կաբինետային քննարկումներ, որտեղ օրակարգի վերաբերյալ հասարակական հարցադրումները ոչ թե բացատրության են արժանանում, այլ ընդամենը մեկ գնահատականի՝ հարցնու՞մ եք, ուրեմն ծախված եք և պատվեր եք կատարում: Այսինքն՝ հարցեր մի՛ տվեք և պատասխաններ մի՛ պահանջեք, ծափահարե՛ք այն, ինչ անում ենք, և արե՛ք այն, ինչ ասում ենք: Եվ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը եկել է ասուլիսի ու ի՞նչ է ասում: Ավելի լավ է՝ ասի, թե ի՞նչ են խոսել Գագիկ Ծառուկյանի հետ «մասնավոր տարածքում», ասի, թե ինչո՞ւ այդքան իջավ մակարդակը: Չէ՞ որ մեկ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր գնում «հաղթանակ բերելու», իսկ այսօր նա «հաղթանակի» հետևից գնում է ընդամենը «մասնավոր տարածք»:

Այդպես էլ քաղաքականությունը Հայաստանում վերածել են մասնավոր զբաղմունքի, իսկ դա արդեն, կամա թե ակամա, ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև միևնույն է՝ արդյունքները հասարակության համար միշտ նույնն են:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_analysis_259428.html