Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դյուրացվել է անձնական ավտոմեքենայով Իրան այցելության կարգը

Բաժին: Տարածաշրջան
Դյուրացվել է անձնական ավտոմեքենայով Իրան այցելության կարգը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը զրուցելով «Փաստի» հետ՝ նշում է, որ այս տարի կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում Իրանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն էականորեն աճել է:
2006–07 թթ. իրանցիները սկսել են Հայաստանը դիտարկել որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն և դեպի Հայաստան իրանցիների հոսքի դինամիկա կա, որը գնալով աճում է: Նվազում եղել է միայն 2012–13 թթ. Իրանի տնտեսական խնդիրներով պայմանավորված, երբ իրանական ազգային արժույթը զգալիորեն անկում ապրեց և բացասական ազդեցություն ունեցավ Իրանի արտագնա զբոսաշրջության վրա:
Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ 2007 թ. Հայաստան այցելած իրանցիների թիվը տարեկան կտրվածքով կազմել էր 130 հազար: 2012–13 թթ. շեշտակի անկում գրանցվեց, 2012 թ.–ին Հայաստան էր այցելել 110 հազար, իսկ 2013 թ.–ին՝ 95 հազար իրանցի: Երբ Իրանում քիչ թե շատ իրավիճակը կարգավորվեց, նորից վերականգնվեց աճը: Արդեն 2015թ. ունեցել ենք 140 հազար այցելություն, իսկ 2016 թ. այցելությունները կազմել են 188 հազար: Միաժամանակ այս տարվա առաջին եռամսյակում նույնպես աճ է գրանցվել՝ հունվար–մարտին ավելի քան 45 հազար այցելություն է եղել Իրանից, որից միայն 35 հազարը մարտին, ինչը 23%–ով ավել է նախորդ տարվա մարտ ամսին գրանցված ցուցանիշներից: Բացի այս, ըստ կոմիտեի կողմից արված հետազոտության՝ մեկ վիճակագրական զբոսաշրջիկը իր մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 700–800 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
«Իրանը մեզ համար կարևոր զբոսաշրջային շուկա է, բացի այդ բարեկամ երկիր: Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ ունենալը կարևոր է տնտեսական զարգացման և աճի համար, եկամտի ավելացման, աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ու բարեկամության հաստատման առումով: Արդեն իսկ կարգավորված են Իրան–Հայասատան առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ այցելությունները:
Բավական ակտիվ մարքեթինգային քաղաքականություն է իրականացվում իրանական շուկայում: Այս տարվա հունվարին հայկական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ կոմիտեն այցելել է Իրան, եղել է խոշոր քաղաքներում, հանդիպումներ են եղել հայկական և իրանական զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի և Իրանի համապատասխան կառույցի ներկայացուցիչների միջև, ներկայացվել են երկու կողմերի զբոսաշրջային հնարավորությունները: Փետրվարին միասնական տաղավարով մասնակցել ենք Թեհրանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին»,– ներկայացրեց իրենց աշխատանքները կոմիտեի նախագահի տեղակալը:
Մեր այն հարցին, թե հայերի՝ սեփական ավտոմեքենաներով Իրան այցելելու հետ կապված խնդիրներին լուծում տրվե՞լ է՝ հաշվի առնելով մինչև վերջերս գործող ավտոմեքենայի գրավը, Ապրեսյանը պատասխանեց,
որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է և դրան որոշակի լուծում տրված է:
«Ավտոմեքենայի գրավը այլևս չկա: Մեր տրանսպորտային միջոցների՝ Իրան այցելության ռեժիմը նույնպես դյուրացվել է»,– պարզաբանեց նա:
Դիտարկմանը, թե այս տարի նկատելի է իրանցիների՝ բացի Երևանից նաև դեպի մարզեր այցելություններ կատարելը, Ապրեսյանը պատասխանեց, որ դա պետական–մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության արդյունքն է: Հարցին, թե ո՞րն է իրանցիների՝ հայաստանյան հետաքրքրությունների հիմնական շրջանակը, պատասխանեց, որ իրենց շատ է հետաքրքրում մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները, իրենք իրենց ընդունված են զգում Հայաստանում, հայկական խոհանոցն ու այստեղ գնումներ կատարելն են սիրում, ինչպես նաև եկեղեցիներ ու պատմամշակութային հուշարձաններ են այցելում:
«Փաստի» այն հարցին, թե Հայաստանը բազմաթիվ հարմարություններ է ստեղծել իրանցի զբոսաշրջիկների համար, իսկ Իրանում փոխադարձ վերաբերմունք կա՞, ապրեսյանը պատասխանեց, թե Իրանում մեծագույն հարգանքով են վերաբերվում հայկական պատմամաշակութային ժառանգությանը, հայկական համայնքին, այդ թվում Հայաստանից այցելած քաղաքացիներին: Հստակեցմանը, թե նման մասշտաբի ծրագրեր այնտե՞ղ էլ կան՝ վերջինս ասաց, որ Իրանից Հայաստան այցելությունների քանակը և հակառակը` դեռևս համեմատելի մեծություններ չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը՝ slaq.am