Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ավագ շաբաթ. Տիրոջ թաղումը. այսօր ավարտվում է Մեծ պահքը

Բաժին: Հայաստան
Ավագ շաբաթ. Տիրոջ թաղումը. այսօր ավարտվում է Մեծ պահքը
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ավագ շաբաթը, որը 48-օրյա Մեծ պահքի վերջին շաբաթն է: Ավագ շաբաթն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Qahana.am-ը գրում է. Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը եւ հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց եւ բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա եւ արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Թեեւ Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը եւ ավետելով Նրա հարությունը մեռելներից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 17:30-ին մատուցվելու է Ճրագալույցի Ս. Պատարագ:
Փետրվարի 27-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 16-ին:

Նյութի աղբյուրը՝ news.am