Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը

Բաժին: Տարածաշրջան
Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) որոշել է դրանք անցկացնել այս տարվա օգոստոսի 10-ին: Եթե նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ի հայտ չբերեն հաղթողին, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: Թուրքիայում առաջին անգամ նախագահին ընտրելու է ժողովուրդը: Մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը (Թուրքիայի Ազգային մեծ ժողով, ԹԱՄԺ): Ընդգծվում է, որ արտասահմանաբնակ թուրքերն առաջին անգամ հնարավորություն են ստանում մասնակցել նախագահի ընտրությանը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով (այո՝ 19.422.714 ձայն և 68.95 տոկոս, ոչ՝ 8.744.947 ձայն ու 31.05 տոկոս) հաստատվեց այն, որ այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ինչպես նաև այն, որ երկրի նախագահն այսուհետ պետք է ընտրվի «5+5» տարբերակով (5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ): Մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի հունիսի կեսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին տվեց վերընտրման իրավունք, երբ որոշում էր նրա պաշտոնավարման ժամկետի (5 թե 7 տարի) շուրջ ծագած վեճը (թուրքական ընդդիմությունը պահանջում էր նախագահական ընտրություններն անցկացնել 2012 թվականին՝ ելնելով նրանից, որ լրանում է նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը): 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում ցայժմ անցկացվել է 18 նախագահական ընտրություն, որոնց արդյունքներով երկրի նախագահ է դարձել 10 քաղաքացի: Բացի այդ, Քենան Էվրենը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին կազմակերպած ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականին դարձել է Թուրքիայի նախագահ (ի տարբերություն մյուսների՝ նրան չի ընտրել երկրի խորհրդարանը): Չորսական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և Իսմեթ Ինենյուն, իսկ երեք անգամ՝ Ջելալ Բայարը: Մեկական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Ջեմալ Գյուրսելը, Ջևդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Թուրգութ Օզալը, Սուլեյման Դեմիրելը, Ահմեթ Նեջդեթ Սեզերը և Աբդուլլահ Գյուլը:

Աղբյուրը՝ http://168.am/2014/03/14/341144.html