Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Կապվածությունը այս կամ այն «լավ տղու» հետ չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյան.

Բաժին: Հայաստան
Կապվածությունը այս կամ այն «լավ տղու» հետ չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյան.Մարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում: Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին:
Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշեց առկա թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին:



Աղբյուրը՝ http://fnews.am/