Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Ես ողջ եմ, սակայն չեմ կարող ասել, որ լավ եմ». Յանուկովիչ

Բաժին: ԱՊՀ
Այսօր Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում հանդես եկավ հայտարարությամբ:

Նշենք, որ դահլիճում ներկա էին լրագրողներ, ովքեր անվտանգության նկատառումներից ելնելով հատուկ ստուգում են անցել: Նրանց նաեւ նախապես տեղեկացրել են, որ հարց ու պատասխան նախատեսված չէ:

Յանուկովիչի նախ հայտարարեց, որ չնայած իր հասցեին տարբեր լուրեր են տարածում Ուկրաինայում, ինքը ողջ է եւ շարունակում է հանդես գալ որպես Ուկրաինայի միակ լեգիտիմ ղեկավար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

«Ես ողջ եմ, սակայն չեմ կարող ասել, որ լավ եմ», – հայտարարեց Յանուկովիչը:

Նա Կիևի նոր իշխանություններին մեղադրեց քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ոչ միայն մնում եմ Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը, այլ նաև ԶՈՒ գերագույն հրամանատարը: Ես չեմ դադարեցրել արտահերթ իմ լիազորությունները կատարելուց, ես ողջ եմ, ինձ պաշտոնանկ չեն արել սահմանված կարգով, ինչպես նախատեսում է Ուկրաինայի սահմանադրությունը: Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված ընտրությունները լեգիտիմ չեն»,- հայտարարեց Յանուկովիչը:

Նրա խոսքերով` իր հանդեպ ահաբեկչական քայլեր են ձեռնարկվել: Նաեւ հավելեց, որ ցանկացած մարմին, որը կձևավորվի Կիևում, լեգիտիմ չի լինի:

«Իբրև թե օրինական կառավարության քողի տակ երկրում նեոազգայնականների ու ֆաշիստների ավազակախումբ է գործում: Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ ապօրինությունների թիվը գնալով աճում է, նրանք ազատում են բանակի բարձրաստիճան սպաներին, նրանց, ովքեր դիմադրում են բանակը խաղաղ բնակչության դեմ օգտագործելուն: Հասկացեք, նրանք ցանկանում են բանակը Բանդերայի դրոշի տակ կանգնեցնել (ուկրաինացի ազգայնականների կազմակերպություն) և քաղաքացիական պատերազմ հրահրել: Մոտ շրջանում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի լուրջ վատթարացում կգրանցվի: Այդ ամենի պատասխանատվությունը կգցեն իմ և հնարավոր է՝ Ռուսաստանի վրա: Ես այստեղ ոչ մի կապ չունեմ: Թոշակների ու աշխատավարձերի կրճատմանն ուղղված նրանց (Ուկրաինայի նոր կառավարության) ձեռնարկած քայլերը հակաժողովրդական եմ համարում: Մենք ուկրաինացիների կյանքի մակարդակը պահելու ծրագիր ունեինք: Իսկ այժմ իշխանությունը գրավելուց հետո դա անհնար դարձավ: Դուք պատասխան եք տալու ժողովրդին տանջելու համար: Ձեր գործողությունները հանգեցրեցին նրան, որ Ղրիմն անջատվում է: Մենք այս ծանր շրջանը կհաղթահարենք, մարդիկ կսթափվեն, երկիրը ոտքի կկանգնի ու կմիավորվի: Դիմում եմ Արևմուտքին. ոչ ոք իրավունք չունի աջակցել ավազակային հարձակմանն ու ոչ սահմանադրական հեղաշրջմանը: Դուք իրավունք չունեք ավազակներին փող տալ: Ցանկանում եմ այդ սև ուժերին սադրող Արևմուտքին հարցնել, դուք կուրացե՞լ եք, դուք կորցրե՞լ եք ձեր հիշողությունը, դուք մոռացե՞լ եք, թե ինչ է ֆաշիզմը»,- հայտարարեց Յանուկովիչը:

«Ինչքան ես գիտեմ ԱՄՆ օրենսդրությունը արգելում է ֆինանսական օգնություն հատկացնել ցանկացած երկրի, որի օրենքով ընտրված նախագահը պաշտոնանկ է արվել ռազմական հեղաշրջման կամ այլ ապօրինի ճանապարհով: Ես մտադրված եմ դիմել Կոնգրեսին, Սենատին, ԱՄՆ գերագույն դատարանին` համառորեն պահանջելով իրավական գնահատական տալ այդ երկրի կառավարության գործողություններին: Դուք ձեր սեփական երկրի օրենքներով իրավունք չունեք ավազակներին գումար հատկացնել»:

Աղբյուրը՝ http://galatv.am/hy/international/oni-ostovum-meknarkel-e-iktor-anukovichi-hertakan-mamlo-asulisy-ughigh-miacum/