Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայի հետ կապված իրավիճակում մենք մեզ անգործություն թույլ տալ չենք կարող

Բաժին: Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայի հետ կապված իրավիճակում մենք մեզ անգործություն թույլ տալ չենք կարողՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ:

«Ինձ գնալով ավելի է անհանգստացնում իրադարձությունների զարգացումն Ուկրաինայում, - հայտնել է նա ու հավելել. «Այս ճգնաժամի սկզբից ես կոչ էի անում եւ շարունակում եմ կոչ անել բոլոր կողմերին թոթափել լարվածությունը եւ ուղղակի կառուցողական երկխոսություն սկսել` իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով»:

Բան Կի-Մունը նշել է, որ Ղրիմի վերջին իրադարձությունները միայն ավելի սրեցին կոնֆլիկտը, եւ բոլոր կողմերին կոչ է արել «զերծ մնալ չմտածված գործողություններից եւ սադրիչ հայտարարություններից»:

Բան Կի-Մունն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է օգնի այս գործընթացի գլխավոր մասնակիցներին, «հանդարտեցնի իրավիճակը եւ ջանքեր գործադրի` քաղաքական ճանապարհով ճգնաժամը մեկընդմիշտ կարգավորելու համար», քանի որ իրավիճակի հետագա սրացումը «կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Ուկրաինայի ժողովրդի, տարածաշրջանի եւ համաշխարհային ողջ հանրության համար»:

«Ես նաեւ շարունակում եմ Ուկրաինայի իշխանություններին կոչ անել հարգել բոլոր բնակիչների քաղաքացիական իրավունքները, ընդ որում՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել ազգային փոքրամասնությունների իրավունքներին», – ասել է նա։

«Այս որոշիչ պահին մենք մեզ սխալ հաշվարկներ ու անգործություն թույլ տալ չենք կարող։ Ամենակարեւորն այն է, որ ճգնաժամը կարգավորվի ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ այն սկզբունքների, որոնք վերաբերում են վեճերի խաղաղ կարգավորմանը եւ միասնականությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելուն»,- Բան Կի-Մունի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»։

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/198314.html