Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


11-ամյա տղան արհեստական սրտով ամենաերիտասարդ հիվանդն է դարձել

Բաժին: Այլ
11-ամյա տղան արհեստական սրտով ամենաերիտասարդ հիվանդն է դարձել
11-ամյա Ջեյհեմ Վիգհեմը դարձել է արհեստական սիրտ ունեցող մոլորակի ամենաերիտասարդ բնակիչը: Տղան լույս աշխարհ է եկել սրտի արատով: 7 տարեկանում նրան դոնորական սիրտ են փոխպատվաստել, բայց օրգանիզմը չի ընդունել այն: 2016 թվականի դեկտեմբերին Չիկագոյի Ann and Robert H. Lurie Children's Hospital հիվանդանոցի սրտաբանները նրան 50cc SynCardia Total Artificial Heart արհեստական սիրտ են փոխպատվաստել, որը մշակվել է կանանց, երեխաների եւ փոքրամարմին տղամարդկանց համար:
Արհեստական սիրտը, բնականաբար, խնդրի ժամանակավոր լուծում է. այն որոշ ժամանակով կերկարացնի Ջեյհեմի կյանքը, մինչեւ նրա համար հարմար դոնորական սիրտ գտնեն:
Լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց Ջեյհեմի մոտ սրտի ձախ հատվածի հիպոպլազիայի ախտանիշ են ախտորոշել: Իսկ դա նշանակում է, որ երբ երեխան դեռ մոր արգանդում է, նրա սրտի ձախ հատվածը հարկ եղածի պես չի ձեւավորվել, հետեւաբար՝ այն չի կարողացել արյուն փոխանցել օրգանիզմին: Նման դեպքերում հիվանդներին հնարավոր է օգնել միայն սրտի փոխպատվաստմամբ, եւ 7 տարեկանում Ջեյհեմը դոնորական սիրտ է ստացել: Հերթական հետազոտության ժամանակ, սակայն, բժիշկները հայտնաբերել են, որ տղայի օրգանիզմը չի ընդունում նոր սիրտը:
Երկար ժամանակ մասնագետները փորձել են իրավիճակը շտկել դեղորայքի միջոցով, բայց ոչինչ չի օգնել: Իսկ հետո խնդիրներ են սկսվել նաեւ երիկամներում: Արդյունքում որոշվել է արհեստական սիրտ փոխպատվաստել, որը կարող է որոշ ժամանակ փոխարինել լիարժեք սրտին եւ արյան շրջանառություն ապահովել:
Արհեստական սիրտը փոխպատվաստում են հիվանդին եւ միացնում արտաքին սնուցման աղբյուրին, որը կարելի է ուսապարկում պահել: Այսպիսով՝ Ջեյհեմը կարող է առայժմ նորմալ ապրել եւ նույնիսկ տեղաշարժվել, սակայն ցանկալի է նրա համար դոնորական սիրտ գտնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Նյութի աղբյուրը՝ med.news.am