Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ներկայացվել է Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկային հանգույցի նախագիծը

Բաժին: Հայաստան
Ներկայացվել է Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկային հանգույցի նախագիծը
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ըստ երթևեկելի գոտիների` ուսումնասիրվել է ծանրաբեռնված ժամերին տրանսպորտային հոսքերի քանակը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Գևորգ Մուշեղյանը նշել է, որ հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ մշակվել է անընդհատ երթևեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ:
«Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի ստեղծման համատեքստում նաև խնդիր էինք դրել լուծել Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց հանգույցի կառուցման հարցը: Հաշվի առնելով դրա ծանրաբեռնվածությունն ու խնդիրները՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» շրջանակում կազմվել էր նախագիծ, որով նախատեսվում էր էստակադայի կառուցում, ինչը, սակայն, հաշվի առնելով տվյալ հատվածի քաղաքաշինական միջավայրը, ճարտարապետների կողմից չընդունվեց: Քննարկումներ եղան նաև քաղաքաշինական խորհրդում: Արդյունքում ներկայում առաջարկվող տարբերակն ընդունելի է թե՛ ճարտարապետների կողմից և թե՛ կառուցման համար իրականացված խոշորացված հաշվարկով»,- նշել է Վահե Նիկոյանը:

Նյութի աղբյուրը՝ panorama.am