Ի՞նչ կարողություն ունի Դավիթ Հարությունյանը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ի՞նչ կարողություն ունի Դավիթ Հարությունյանը

Բաժին: Հայաստան
 Ի՞նչ կարողություն ունի Դավիթ ՀարությունյանըՇարունակելով ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքն ու եկամուտները՝ այս անգամ մեր ընտրությունը կանգ առավ Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի վրա: Հիշեցնենք, որ վերջինս 10 տարի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ողջ ընթացքում, եղել է արդարադատության նախարար և համարվել նախկին նախագահի մտերիմ պաշտոնյաներից մեկը:

Վերջինիս՝ 2012թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը մեր ուշադրությունը գրավեց այն պատճառով, որ դրանում գրանցված էր բավականին շատ անշարժ գույք՝ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Միայն Երևանում Դ. Հարությունյանն ունի չորս անշարժ գույք: Նա ունի մոտ 53 քմ տարածքով մի բնակարան Փափազյան փողոցում, երկու բնակարան՝ Զաքյան փողոցում, որից մեկը 89.4 քմ է, երկրորդը՝ 170.9 քմ: Ասում են, որ այս բնակարանները իրար հաջորդող հարկերում են, որոնք միացնելով՝ Դ. Հարությունյանը այն դարձրել է երկհարկանի բավականին մեծ՝ ավելի քան 250 քմ տարածքով բնակարան:

Բացի այդ, Դ. Հարությունյանը մի հսկայական առանձնատուն էլ ունի Դավիթաշեն համայնքի Ձոր-1 թաղամասում: Սա այն թաղամասն է, որտեղ շքեղ առանձնատներ ունեն բազմաթիվ պաշտոնյաներ ու գործարարներ, օրինակ՝ «Մաքս գրուպի» հայտնի Խաչիկ Խաչիկյանը, Մանվել և Յուրա Ղարիբյան եղբայրները, անգամ Պարույր Հայրիկյանը: Այդ թաղամասը ձգված է Հրազդան գետի երկայնքով՝ Եղվարդ տանող ճանապարհին, և այնտեղ հողակտորները բավականին թանկ արժեն: Դ. Հարությունյանի առանձնատունը գտնվում է հենց Հրազդանի կիրճի եզրին, իսկ այդ հողակտորները շատ ավելի թանկ են արժեցել, քանի որ անմիջապես կիրճի և գետի վրա գեղեցիկ տեսարան է բացվում: Նա իր այդ առանձնատունը կառուցել է ավելի քան 10 տարի առաջ՝ արդարադատության նախարար եղած ժամանակ: Կառուցելուց հետո անգամ ցանկացել էր վաճառել, և այն ժամանակ մամուլում հրապարակում եղավ, թե առանձնատունը ցանկացել է վաճառել 2 մլն դոլարով: Ընդ որում, այդ առանձնատունն ունի 955 քմ, որին շրջապատում է 0.14 հեկտար հողամաս:

Դ. Հարությունյանը 336 քմ տարածքով շենք-շինություն ունի Հրազդան քաղաքում, որտեղ ունի ևս 0.095 հեկտար հողակտոր: Հողակտոր ունի նաև Դիլիջան քաղաքում: 50 և 56 քմ տարածքներով, որպես հանգստի գոտի, երկու փոքր շինություն ունի նաև Սևան-Ճամբարակ ճանապարհին՝ հավանաբար Սևանի ափին մոտ:

Դ. Հարությունյանի այս բոլոր հողակտորները, բնակարաններն ու շինությունները գտնվում են բավականին թանկ արժեցող գոտիներում, և դրանք եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ ձեռք են բերվել նրա՝ արդարադատության նախարար եղած տարիներին:

Ինչպես հայտնի է, Դ. Հարությունյանը գեղանկարների և թանկարժեք իրերի սիրահար է և ունի տարբեր հավաքածուներ: ԿԸՀ-ի հայտարարագրում նշվել են գեղանկարներն ու մետաղադրամները, բայց դրանք գնահատված չեն: Նա հայտարարել է նաև 20.000 դոլար և 5 մլն դրամ կարողության մասին, սակայն որևէ ընկերությունում որևէ բաժնետոմս կամ սեփականություն չի հայտարարագրել:

Դեռևս արդարադատության նախարար եղած ժամանակ հայտնի էր, որ նա բաժնետեր է «Գլենդել հիլզ» շինարարական ընկերությունում: Այդ ընկերությունը շինարարական, այսպես ասած, բումի տարիներին զբաղված էր լայնածավալ կառուցապատմամբ: Վերջերս, սակայն, ասում են, թե նա վաճառել է այդ ընկերությունում իր բաժնեմասը, սակայն դրա հետ կապված ֆինանսական միջոցներից որևէ նշում չկա նրա հայտարարագրում:

Հայտնի է նաև, որ Դ. Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, երկար տարիներ զբաղվել է ավիաբիզնեսով: Սկզբնական տարիներին նրան պատկանող «Էյր Արմենիա» ընկերությունը զբաղվում էր միայն բեռնափոխադրումներով, սակայն անցած տարվանից, երբ «Արմավիա» ընկերությունը սնանկացավ, այն ձեռք բերեց նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա: Այդ ընկերությանը տրվեց դեպի Ռուսաստան ամենաեկամտաբեր ուղղություններով՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Սոչի, Կրասնոդար և Սամարա թռիչք իրականացնելու թույլտվություն: Այն առայժմ միակ հայկական ավիաընկերությունն է:

Կարծիք կա, որ Դ. Հարությունյանն այս ընկերության հիմնական սեփականատերն է, և այդ թռիչքների հնարավորությունը ձեռք է բերվել նրա միջոցով, պարզապես պատգամավորի անունն այնտեղ արտացոլված չէ:

Եվ ընդհանրապես՝ ասում են, Դ. Հարությունյանը բավականին հարուստ է, ունի հսկայական ֆինանսական և այլ կարողություններ, պարզապես դրանք գրանցված չեն իր անունով. նա նաև այդ առումով է հմուտ իրավաբան և կարողացել է լավագույնս քողարկել իր հարստությունը՝ գրանցելով ընդամենը դրա չնչին մասը:

Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_254993.html