Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հայաստանը եւ Ռուսաստանը Կովկասում միավորել են ՀՕՊ համակարգերը

Բաժին: Հայաստան, ԱՊՀ
Հայաստանը եւ Ռուսաստանը Կովկասում միավորել են ՀՕՊ համակարգերը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի Մոսկվայում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ համաձայնագիր է ստորագրել համատեղ անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: ՌԴ եւ Հայաստանի Պաշտպանության նախարարությունների միջեւ նաեւ 2016-ին համագործակցության պլան է ստորագրվել:

Այս պահին Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգերի ստեղծման ուղղությամբ: Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ Բելառուսի հետ ռուսաստանյան ՀՕՊ համակարգն արդեն միավորված է:

Ինչպես հաղորդվել է, ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդում տարածաշրջանային սկզբունքի հիման վրա համագործակցության անդամ երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի միավորումը ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղությունն են համարում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՊՀ անդամ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է համագործակցության տասը երկրի համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1995-ի փետրվարի 10-ին Ալմա-Աթայում եւ գործողության անսահմանափակ ժամկետ ունի:

Ներկայումս համակարգի անդամ է ութ պետություն` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

ՌԴ ՌՏՈՒ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյի տվյալների համաձայն, ԱՊՀ ՀՕՊ-ի ռազմակազմի մեջ է մտնում 19 ավիացիոն զորամաս, 47 զենիթա-հրթիռային զորամաս եւ ռադիոէլեկտրոնային պայքարի 3 առանձին գումարտակ:

Աղբյուրը՝ Առաջին լրատվական